Ինչու են ավելացել գրպանահատության դեպքերը. բացատրում է ոստիկանության ներկայացուցիչը

Հանցագործներից շատերն ազատազրկման ժամկետի ավարտից հետո շատ արագ վերադառնում են իրենց նախկին գործին։

Գրպանահատության աճի պատճառներն են հանցագործության այս տեսակի համար նախատեսված մեղմ պատիժն ու օրենսդրության անկատար լինելը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ոստիկանության տեսչական վարչության շտաբի պետ Հակոբ Պետրոսյանը։

2019 թվականի առաջին կիսամյակում երկրում Հայաստանում գրանցվել է գրպանահատության 314 դեպք, այն դեպքում, երբ ամբողջ անցած տարվա ընթացքում դրանց թիվը կազմել է 518։

Գրպանահատության շուրջ 95 տոկոսը կատարվում է Երևանում, հատկապես` Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա–Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում:

Քաղաքացիներից շատերը չեն դիմում իրավապահ մարմիններին, ինչն անպատիժ մնալու և նույն գործով զբաղվելու հնարավորություն է տալիս գրպանահատներին:

«Այս հանցատեսակը դասվում է դժվար բացահայտվողների շարքը, բայց ՀՀ-ում բացահայտման տոկոսը բարձր է՝ մոտ 45 տոկոս»,- ասաց Պետրոսյանը:

Գողության դեպքերը հիմնականում գրանցվում են տրանսպորտում և հասարակական վայրերում։

«Ցավոք, իրավական դաշտում եղած խնդիրները, օրենքների անկատար լինելը թույլ չեն տալիս արդյունավետ պայքարել գրպանահատության դեմ։ Գրպանահատության երկու դասակարգում կա։ Մինչև 5 հազար դրամ արժեցող գույքի հափշտակումը մանր գողություն է համարվում, 5 հազարից մինչև 500 հազար դրամ արժեցող գույքի հափշտակումը` գողության սովորական տեսակ», – նշեց ոստիկանը։

Գողության փաստով քրեական գործը, օրենսդրության համաձայն, կարող է հարուցվել միայն տուժածի բողոքի դեպքում։

Բացի այդ Պետրոսյանի խոսքով, օրենքը շատ մեղմ պատիժ է սահմանում գրպանահատների համար` առավելագույնը մինչև 2 տարվա ազատազրկում։ Հանցագործներից շատերն այդ ժամկետի ավարտից հետո շատ արագ վերադառնում են իրենց գործին։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` այդ առումով օրենսդրությունը խստացնելու անհրաժեշտություն կա։

Աղբյուրը sputnikarmenia.com