Երևանի քաղաքապետարանն այս տարի պայուսակներ չի նվիրի առաջին դասարանցիներին

Երևանի քաղաքապետարանն այս տարի սեպտեմբերի 1-ին ընդառաջ առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի։ Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է տանեն դպրոց՝ առաջին դասարան, թերթին պատմել են, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարներն այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց։ Այսինքն՝ շատերին նվեր պայուսակը չի հասել։ Ծնողների պատմելով՝ քաղաքապետարանը այս տարի զգուշացրել է և որոշել է պայուսակ չնվիրել։

Արդյոք Երևանի քաղաքապետարանը պայուսակների նվիրման գործընթացի հետ կապված բացահայտումներ արե՞լ է կամ այս խնդրով դիմե՞լ է իրավապահներին, թե ոչ։ Այս հարցին ի պատասխան Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն ասել է․ «Առաջին անգամ եմ լսում դրա մասին, որովհետև մշտապես տարեվերջյան միջոցառումների ժամանակ բաժանվել են այդ պայուսակները։ Չեմ կարծում, որ որևէ մեկն այդ պայուսակը չտար երեխաներին։ Ես ինչքան աշխատում եմ այստեղ, չեմ հիշում երեխաներին պայուսակ չտալու վերաբերյալ որևէ բողոք»։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ կոնկրետ առաջին դասարան հաճախող երեխաների աջակցության նախկին պրակտիկայի հետ կապված հայտնի են շատ դեպքեր, երբ ծնողներն այդ նվերները չեն ընդունել կամ չեն գործածել տրված իրերը։

Ըստ Կարապետյանի` ստացվում էր, որ քաղաքապետարանն անարդյունավետ ծախս է անում:

Հանրակրթության վարչության պետը օրաթերթի հետ զրույցում փոխանցել է, որ այս տարի հանվել է պայուսակներ ձեռք բերելու համար նախատեսվող ֆինանսավորումը, դրա համար էլ ավագ խմբերի երեխաները պայուսակ չեն ստանալու։

Պարբերականը գրում է, որ քաղաքային իշխանությունը դպրոցական պայուսակը նվիրելու փոխարեն որոշել է ավագ խմբերի երեխաների ծնողներին այլ միջոցներով աջակցել։ Օրինակ` ավարտական խմբերի երեխաներն այս տարվանից կարող են հաճախել մանկապարտեզ նաև հուլիսին և օգոստոսին` ի տարբերություն նախորդ տարիների, երբ ավարտական հանդեսից հետո խումբը փակվում էր, և ծնողները բարդություն էին ունենում ամռան ամիսներին։