Արա Մինասյանի մեղադրանքը խստացվել է. հայտարարվել է հետախուզում

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում: Նրան առաջադրված մեղադրանքը խստացվել է և հայտարարվել հետախուզում:

Մեր տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այլ մանրամասներ չհաջողվեց պարզել: Հիշեցնենք՝ Արա Մինասյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ այդմ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերեւույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջեւ կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերեւույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ: Սակայն նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել էր, իսկ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել: Արա Մինասյանին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն ա առաջացրել է ծանր հետեւանքներ ), ՀՀ ՔՕ 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելուն, իրացնելնուն կամ օգտագործելուն օժանդակելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):