«Վահագն Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներով, բռնությամբ փորձել է ցուցմունքներ կորզել : Գործը սարքած է». Վահագն Աբգարյանը չի ընդունում մեղադրանքը

Քաղաքացի Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու և Լոռու մարզային քննչականի այն ժամանակվա պետ Թաթուլ Շուշանյանին կաշառք տալու համար մեղադրվող, Ալավերդիում հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով ընթացող հերթական դատական նիստից հետո, հերթական անգամ Աբգարյանը պնդեց՝ սա «սարքած գործ» է իր դեմ:

Վահագն Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի խոսքով՝ չկան փաստեր, որոնք կապացուցեն, որ Վահագն Աբգարյանն է պատվիրել Կամո Փիրուզյանի սպանությունը, ավելին՝ ողջ քրեական գործը կազմվել է մեկ վկայի՝ Արթուր Մնացականյանի ընկերոջ ցուցմունքի հիման վրա:

Ճարոյանի խոսքով՝ սպանության օրը Կամո Փիրուզյանն Ալավերդի է վերադարձել գիշերը ժամը 3-ին, սպանությունը կատարվել է մի քանի ժամ անց՝ ցերեկը 12:10-ին: Սպանությունը կատարած Վլադիմիր Դավթյանին ինչ-որ մեկը հայտնել է Փիրուզյանի վերադարձի մասին: Փաստաբան Ճարոյանը նշում է՝ միակ մարդը, ով կարող էր իմանալ Փիրուզյանի վերադարձի և գտնվելու վայրի մասին, Արթուր Մնացականյանն է. այդ մասին են վկայում Փիրուզյանի և Մնացականյանի հեռախոսազրույցները: Չնայած դրան՝ այս ուղղությամբ որևէ քննություն չկա, քանի որ Արթուր Մնացականյանն ամեն կերպ համագործակցել է նախաքննական մարմինների հետ:

Վահագն Աբգարյանի և փաստաբան Հակոբ Ճարոյանի համոզմամբ, այս գործի վրա էական նշանակություն է ունեցել նաև Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալներից Վահագն Հարությունյանը:

Օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ Վահագն Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հայտնեց դատարանին, որ 2018 թվականի հունվարին մոտ 20 բերման ենթարկված անձինք ցուցմունքներ են տվել ՀՔԾ-ում  ասելով, որ Վահագն Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներով, բռնությամբ փորձել է ցուցմունքներ կորզել իր պաշտպանյալի դեմ:
«Վահագն Աբգարյանին մեղադրանք առաջադրելու մեջ շահագրգռվածություն ունի նաև Վահագն Հարությունյանը: Աբգարյանի ձերբակալության օրը, առանց համապատասխան քննության և ապացույցների, Հարությունյանը սպառնացել և հայհոյել է նաև Աբգարյանին»,-ասում է փաստաբան Ճարոյանը:

Ամփոփելով խոսքը՝ փաստաբանը նշում է՝ չկա որևէ ապացույց, որ սպանությունը պատվիրել է Վահագն Աբգարյանը: Նշենք նաև դատական վերջին նիստի ժամանակ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադ Դավթյանը նշեց.

«Թող ցույց տան ինձ մի փաստ, որ Վահագն Աբգարյանը ինձ ասում ա՝ գնա, սրան խփի, կամ առ էս 10 հազարը, գնա, սպանություն արա: Ես ապահովված տղա, երեք հատ մեքենա ունեմ, ծնողներս 25 տարի է Եվրոպայում են, ամեն ամիս ինձ երեք հազար եվրո են ուղարկում, ես ինքս եկել եմ, խոստովանել սպանությունը»:

LosArmNews.com