«Ադեկվատ»-ի անդամներին ազատ են արձակել

«Ադեկվադ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կապված իր անդամներին հերթական անգամ ձերբակալելու հետ։

«Մեր անդամները չեն իրականացրել որեւէ անօրինական գործողություն եւ նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։ Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, եւ ոչ մի քաղաքացի այլեւս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսեւորվող օրենքի կամայական կիրառումից։

Այլեւս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։ Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի եւ չեք կանգնեցնի։

Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը և «ահազանգի» իսկությունը։ Հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից «սևազգեստ» քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքը, հավանական ենք համարում, որ ահազանգը պայմանավորված է այդ սպառնալիքների հիման վրա առաջացած խտրականությամբ։

Հնարավոր է նաև, որ ահազանգը շինծու է, և պայմանավորված է մեր քաղաքական գործունեությամբ»,-նշվում է հայտարարությունում։

«Ադեկվադ»-ի 3 անդամներ, այդ թվում Կոնստանտին Տեր- Նակալյան ու Արթուր Դանիելյանը ազատ են արձակվել: