Ցբխելուց մինչև Փաշինյանի ձեռքը կրակն ընկածներ. Աշոտյանն ամփոփեց Փաշինյանի գործունեությունը

Աշոտյանի խոսքով` ՀՀ–ում իշխանությունը փորձում է ձևավորել տոտալ վերահսկողության երկիր։

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ, և ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ տոտալ իշխանություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը։

«Նա չի հանդուրժելու որևէ վայր, որտեղ նա բացարձակ իշխանություն չունի։ ՀՀ–ում իշխանությունը փորձում է ձևավորել տոտալ վերահսկողության երկիր։ Երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ, կառավարության նիստի ժամանակ ուժայիններին հանձնարարություն տալն է` որևէ մեկին ցբխելու։ Որևէ այլ բան այս կառավարության մոտ չի ստացվում»,–ասաց նա։

Նրա խոսքով` թյուր կարծիք կա, որ Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել իրենք, Ռոբերտ Քոչարյանը և նրանք, ովքեր Փաշինյանի հետ համաձայն չեն։ Սակայն, ըստ Աշոտյանի, Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել կառավարության ներկայիս գիտակից անդամները։ Նրա հավաստմամբ` թոփ եռյակը, որոնք վարչապետի ձեռքը պատանդ են դարձել` Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը։ «Այս մարդիկ թոփ պատանդն են, և ամեն անգամ ստիպված են սվաղելու Փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»։

Նրա հավաստմամբ` ՀՀ դիմադրողականությունն իջել է նաև արտաքին քաղաքականության առումով։ Նա նշեց նաև, որ իշխանությունները փորձում են հասարակության վրա «վաճառել» «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ»–ում հերթական հեքիաթը։

armeniasputnik.am