Կառավարության նիստերի այդ շոուները՝ սևաշոր խմբեր, կարմիր բաբոչկաներ, պետք է թարգել, հերիք է մարդկանց ներվերի հետ խաղալ և տպավորություն ստեղծել, թե գործ են անում․ քննարկում

«Այդ շոուները սարքել կառավարության նիստերի ժամանակ՝ սևաշոր խմբեր, կարմիր բաբոչկաներ, պետք է թարգել»: Այս մասին «Բռնության և ատելության կոչերը սոցիալական ցանցերից` իրականություն. հետևանքներ և իրավական գնահատականներ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանը։

«Նման հայտարարություն անելու համար նրանք, ովքեր իրավապահ մարմինների հետ աշխատել են, լավ գիտեն, որ վարչապետը պետք է ունենար հարյուր, հազար տոկոսանոց ստուգված ինֆորմացիա: Եթե ստուգվել է, ուրեմն իրավապահ մարմինները պարտավոր էին արձագանքել: Այդ շոուները սարքել կառավարության նիստերի ժամանակ՝ սևաշոր խմբեր, կարմիր բաբոչկաներ, պետք է թարգել. սա անհանգստություն է մտցնում հասարակության մոտ։ Ի՞նչ է նշանակում, որ կառավարության նիստի ժամանակ պետական լուրջ հարցերը թողած՝ նստում, զբաղվում են պետական 1-2 կառույցով, դա նորմալ չէ»,-ասաց ՀԿ նախագահը։

Կարապետյանը հայտարարեց, որ լուրջ կասկած ունի, թե ում են ծառայում ոստիկանությունը, ԱԱԾ-ն, եթե մինչև այսօր այդ հարցերը լուծված չեն։

Կարապետյանը նշեց, որ նրանք, ովքեր 1-2 տարի առաջ առնչվել են ԱԱԾ-ի հետ՝ կհիշեն, որ ազատամարտիկները համատարած ԱԱԾ էին հրավիրվում հարցաքննության, ինչ է թե մեկը մեկ հատ փոքր գրառում էր արել և տակն էլ երկու հոգի «լայք» էին դրել։

«ԱԱԾ-ն ենթադրում էր, որ պատրաստվում են ահաբեկչական խմբեր ստեղծել, այնպես անմեղսունակ գործողություններ էին անում։ Հիմա եթե կոնկրետ խմբեր ինչ-որ բան են պատրաստում, որոնք պետք է գործողություններ անեն, ապա պետք է անհապաղ, սուս-փուս, «ակուրատնի» արձագանքեն իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն։ Հերիք է մարդկանց ներվերի հետ խաղալ և տպավորություն ստեղծել, թե գործ են անում։ Ամեն անգամ կայծ են գցում, ինչ-որ ժողովրդի մեջ աշխուժություն է տիրում՝ տեսեք ինչ ասեց վարչապետը: Բայց եթե չի զբաղվում ԱԱԾ ղեկավարը, ոստիկանապետը, բարի ճանապարհ իրենց»,-ասաց նա։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը նշեց, որ նման արտահայտություն անել կառավարության նիստի ժամանակ ամենևին պետք չէր։

«Սա ուղղակի ցուցադրում է նրանց անգործությունը: Հիմա ստացվում է, որ այնքան չեն գործ կատարում, որ պարտադիր է վերևից հնչեցնել հրաման, այն էլ կառավարության նիստի ժամանակ, հանրայնորեն, որպեսզի հանրությունն, այնուամենայնիվ, տեսնի, որ համակարգը բրգաձև է՝ մինչև վերևից հրաման չի հնչում, որևէ մեկը չի աշխատում: Դա արդեն նորից կասկածներ է մտցնում հեղափոխության արդյունքների վերաբերյալ»,-ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ նույնը դատարանների պարագայում էր, երբ տեսան, որ մեկ տարի չկարողացան վերակազմակերպվել. «Դրանից հետո գործադիրը գոռում է դատարանների վրա, ասում է՝ ձեզ կլուծարեմ, վեթինգ կանեմ և այլն»։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ջատագովության համակարգող Հովհաննես Մադոյանը նկատեց, որ ատելության խոսք տարածողը գրեթե մնում է անպատիժ, և այստեղ իրավական լուծումներ են պետք։

tert.am