«Ես 7 հոգու փոխարեն ծառայել եմ բանակում»

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ կապված ասել էր, թե՝ «ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»: Հանձնաժողովի անդամ Արամ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում արձագանքելով Օհանյանին՝ ասաց. «Ես 7 հոգու փոխարեն ծառայել եմ՝ 15 տարի»:

Ինչ վերաբերում է մյուս պատգամավորների՝ բանակում ծառայած չլինելուն՝ նա ասաց. «Ինչ-որ պատճառներ են եղել՝ գուցե առողջական, կամ, ասենք, այլ ուսումնական հաստատություն ընդունվելու, ասպիրանտուրա, մագիստրատուրա, այդ հիմքերով են ազատվել, 3-րդ երեխան են ունեցել, բազմաթիվ պատճառներ կարող են լինել»:

Մեր դիտարկմանը, որ նախկինում էլ այդ պատճառները բերում էին, ու պարզվեց, որ Լոքյանի որդին ալերգիա ուներ՝ չէր ծառայել, բա ինչո՞ւ էին քննադատում այն ժամանակվա ընդդիմադիրները՝ Խաչատրյանը վստահեցրեց, որ նոր պատգամավորների դեպքում այդպես չէ: Հարցին՝ այսինքն, բացառո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «պճեղի մենինգիտով» ազատվել են բանակից՝ Խաչատրյանը պատասխանեց. «Հա, բացառում եմ, որովհետեւ չի կարող վարչապետի որդին գնա առաջնագիծ ծառայի եւ ինչ-որ մեկը փորձի խուսափել ծառայությունից, չի՛ կարող, չե՛մ հավատում ես ուղղակի»:

aravot.am