Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ` նրա կամքին հակառակ։

Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

«Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ-ում, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն գրություն է ուղարկել «Նաիրիին», որ իրենք կարող են ապահովել անհրաժեշտ բուժօգնությունը։ Սրա հիմքով էլ Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից դուրս են գրել ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։ Օգտվելով իր սահմանադրական իրավունքից` Գրիգորյանը դեմ է արտահայտվել այս որոշմանը»,–հայտնեց պաշտպանը։

Նրա խոսքով` մինչև առավոտյան ժամը 4-5-ը պաշտպանական կողմին արգելել են տեսակցել Մանվել Գրիգորյանին: Վերջինս իր պաշտպանին ասել է, որ հրաժարվում է այդտեղ բուժում ստանալ, ինչը, ըստ պաշտպանի, նշանակում է, որ Գրիգորյանն անօրինական է պահվում «Դատապարտյալների հիվանդանոցում»։

Այս ամենը հաշվի առնելով`Գրիգորյանի պաշտպանները ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը «Նաիրիում» բուժում էր ստանում իր հարազատների հաշվին, այլ ոչ թե պետության։ «Սա խոշտանգման դասական օրինակ է, քանի որ անձի սահմանադրական իրավունքն է, որ ինքը որոշի` ինչպես պետք է ստանա իր բուժումը, ինչ միջոցներով»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Գրիգորյանի և նրա կնոջ` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի դատական նիստն էր, որին Գրիգորյանը չէր մասնակցում` առողջական խնդիրներից ելնելով։ Մեղադրյալի բացակայության պատճառով էլ դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։

Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի. մանրամասներ Մանվել Գրիգորյանը դռնփակ դատական նիստից

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս են տարել Նաիրի բժշկական կենտրոնից։

Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում։

armeniasputnik.am