Չեխիայի դատարանը թույլատրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

Պրահայի դատարանը թույլատրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան: Այս մասին հայտնում է prague-express.cz կայքը՝ հղում անելով Tyden.cz-ին:

Նշվում է, որ վերջնական որոշում այս հարցով պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան:

Նարեկ Սարգսյանը Պրահայում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Փաստաթղթերի ստուգման ժամանակ վերջինս ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով կեղծ անձնագիրը:

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի վաճառք իրականացնելու և անօրինական զենք պահելու մեջ:

tert.am