Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով կալանավորվել է երկու անձ

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ կալանավորվել է։

«Կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով»,-Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։ Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Բաբայանի համակիրները Սևան-Մարտունի ճանապարհին ենթարկվել են հարձակման, նրանց ուղղությամբ կրակոցներ են հնչել:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Aysor.am-ի հարցին ի պատասխան ասել էր, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է։

«Որևէ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ։ Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է»,-ասել էր Վանեցյանը։

 

aysor.am