«Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ ստիպում են քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց». Փաստաբանը հեռագիր է ուղարկելու ՄԻԵԴ

«Հերթական խոշտանգումն է տեղի ունենում, անձը գտնվում է ստացիոնար բուժման մեջ, և բուժումը դեռ չավարտած` առաջարկել են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ Դեռևս երեք ամիս առաջ նույն բանն առաջարկեցին, իմ պաշտպանյալը հրաժարվեց, և կրկին տեղափոխելն այդ հիվանդանոց՝ օրենքի ուժով արգելվում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանն ունի ծանր հիվանդություններ, և այժմ փորձ է արվում՝ նրան կրկին ենթարկել խոշտանգման և տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, որտեղ իբրև պայմաններն ավելի լավ են։ Սա՝ այն դեպքում, երբ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ։

«Քաղաքացիական հիվանդանոցում Մանվել Գրիգորյանը բուժումը ստանում է մերձավորների ֆինանսական միջոցների հաշվին, և պետության վրա բեռ չկա դրված։ Այս պարագայում նման գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն, այլև մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե ինչ դաժան վերաբերմունք են ուզում ցուցաբերել Մանվել Գրիգորյանի նկատմամբ»,- շեշտեց փաստաբանը։

Ըստ Լևոն Բաղդասարյանի, Մանվել Գրիգորյանի քրեական գործը թողած, բժիշկների հետ ամենօրյա վերահսկողության տակ փորձում են վերականգնել նրա առողջությունը, որպեսզի արդարադատության առաջ կանգնի հնարավորինս առողջ վիճակում։

«Նման գործողությունները դիտում եմ՝ որպես դաժան վերաբերմունք, և այն անարձագանք չի մնա, եթե տեղափոխեն»,- հավելեց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին գնում է հիվանդանոց՝ հասկանալու համար, թե ինչ գործողություններ պետք է իրականացնեն։

«Տեղափոխելու դեպքում անմիջապես բարձրաձայնելու եմ, անմիջապես հեռագրով  ուղարկելու եմ Եվրոպական դատարանին»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am