Մանկատան երեխաներին օգնելու պատրվակով քաղաքացին Հյուսիսային պողոտայում տիրացել է գումարների

Օրերես ապօրինի համերգ կազմակերպելու համար ՀՀ ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայից բաժին են ներկայացրել մի քաղաքացու: Վերջինս նշված վայրում կազմակերպված համերգի հասույթը մանկատան երեխաներին հատկացնելու պատրվակով հավաքելուց հետո, խարդախությամբ տիրացել է գումարին:

Հյուսիսային պողոտայում դրամահավաքն իրականացվել է Գավառի մանկատան սաներին աջակցելու պատրվակով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պաշտոնապես հայտարարում են, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող որեւէ ՊՈԱԿ-ի անունից կազմակերպվող դրամահավաքի նախաձեռնողները զբաղվում են խարդախությամբ՝ շահարկելով մանկատան սաների անունը: Նախարարությունը հայտարարում է, որ պետության հոգածության տակ գտնվող հաստատությունների՝ մանկատների, ցերեկային կամ գիշերային խնամքի կենտրոնների եւ նախարարաության ենթակայության տակ գործող որեւէ ՊՈԱԿ-ի կողմից դրամահավաք չի իրականացվել՝ ո՛չ համացանցում, ո՛չ փողոցներում:

«Կոչ ենք անում քաղաքացիներին զգոն լինել և չտրվել խաբեության, իսկ նման նախաձեռնությունների մասին անմիջապես տեղյակ պահել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 114 թեժ գծի միջոցով, կամ ՀՀ ոստիկանությանը՝ 1-02 հեռախոսահամարով»,-ասված է հայտարարության մեջ:

Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դրամահավաքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հետաքննությունը շարունակվում է, ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

armtimes.am