Ոստիկանապետի հայտարարությունը փաստեց՝ դատարաններն արգելափակելու ակցիան քաղաքական իշխանության կողմից պետական մակարդակով կազմակերպված էր․ Մ․ Պողոսյան

Ոստիկանապետի նման հայտարարությունը խոսում է այն մասին, որ այդ ակցիան քաղաքական իշխանության կողմից պետական մակարդակով կազմակերպված էր։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությանը, թե դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, իսկ ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չի եղել։ Փաստաբանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակցիայից օր առաջ հայտարարել էր, որ ոստիկանությանը համապատասխան հրամանները տրված են։

«Ակցիայի օրն ապացուցվեց, որ հրամանները տրված էին, որպեսզի կատարվող  հանցագործությունները չկանխվեն։ Այսինքն՝ ոստիկանության գործը ոչ թե դատարանների դռները բացելն ու խոչընդոտները վերացնել էր, այլ հակառակը՝ որևէ միջամտություն չցուցաբերեն փակված դռների բացման հետ կապված։ Դրա մասին էր խոսում ոստիկանության գործողությունները կոնկրետ իմ միջադեպի հետ կապված։ Քաղաքացիներին հարցնում էինք՝ ինչո՞ւ եք  արգելափակել, ասում էին՝ վարչապետի կոչով, և ոստիկանությունը կոնկրետ տեղում որևէ գործողություն չէր իրականացնում խոչընդոտը վերացնելու համար, հակառակը՝ իմ անվտանգությունից ելնելով՝ ինձ հորդորում էին հեռանալ դեպքի վայրից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Օսիպյանի այն տեսակետին, թե ամեն դեպքում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակող ակցիան տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքների դրույթների մեջ, փաստաբանն ասաց, թե այս հարցի պատասխանը գտնելու համար առաջնային է հասկանալ, թե որն էր հավաքի նպատակը։

«Իսկ հավաքի նպատակն արդարադատության իրականացմանը խոչընդոտելն էր»,- շարունակեց Միհրան Պողոսյանը։

Միևնույն ժամանակ Պողոսյանը նկատեց, որ ինքը վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչն օգտագործելու է ՄԻԵԴ գանգատներում։

«Գործ ունեմ, որի պարագայում նշում ենք, որ որոշում կայացնելով՝ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Կոնկրետ ոչ թե այդ օրվա գործողությունների հետ կապված ենք դիմելու ՄԻԵԴ, այլ տարբեր գործերի վրա այս հանգամանքը լույս է սփռում»,- եզրափակեց Միհրան Պողոսյանը։

tert.am