Արսենալի երկրպագուները կոչ են անում Քիմ Քարդաշյանին խոսել Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին

Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» երկրպագուները շարունակում են իրենց դժգոհությունն արտահայտել Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին չմասնակցելու վերաբերյալ։

«Արսենալի» երեկվա հայտարարությունից հետո «զինագործների» բազմաթիվ երկրպագուներ գրառումներ են կատարում սոցիալական ցանցերում։ Մի շարք երկրպագուներ դիմել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ կոչ անելով նրան անդրադառնալ թեմային։

Քարդաշյանի՝ դեռևս 2016 թվականի ապրիլի 24-ին Twitter-ում կատարած գրառման մեկնաբանություններում երկրպագուներից մեկը գրել է հետևյալը․

«Դուք տեղյա՞կ եք, որ ձեր հայ եղբայր Հենրիխ Մխիթարյանն Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտի պատճառով չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչին։ Աշխարհը լռում է»։

Մեկ այլ երկրպագու ավելի կտրուկ է արտահայտվել․ «Հայ է, երբ հարմար է, բայց լռում է Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու վերաբերյալ։ Դու քո ազգի ամոթն ես»։

Մեկ այլ երկրպագու գրել է․ «Ողջույն Քիմ։ Համոզված չեմ, որ այս հաղորդագրությունը տեղ կհասնի, սակայն եթե կարդաս, ի՞նչ ես կարծում՝ կարո՞ղ ես օգնել Հայաստանի հավաքականի ավագին։ Նա ստիպված է չմասնակցել եզրափակչին, քանի որ հայ է։ Կարո՞ղ ես օգնել Հենրիխին»։

Reddit սոցիալական ցանցում ևս երկրպագուները քննարկում են Քարդաշյանին այս հարցում ներքաշելու տարբերակը։ Օգտատերերից մեկը գրել է․ «Գրողը տանի, իրականում նա իսկապես շատ ազդեցիկ կին է։ Տեղեկացրեք նրան այս խնդրի մասին»։

«Նրա համար կարող է միևնույն լինել, սակայն եթե հանրային հետաքրքրություն լինի, նրա մեկ գրառմամբ այս հարցը կարող է լուծվել»,- գրել է մեկ այլ երկրպագու։

Հիշեցնենք, որ «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։

tert.am