Պատգամավոր Հայկ Սարգսյանի կոչը, թե չի կարելի թույլ տալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, ճնշում է դատավորի վրա, կոչ եմ անում քրգործ հարուցել. Հայկ Ալումյան

ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ճնշում է դատարանի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Իրավիճակը ծայրահեղ լարվել է: Այսօր առավոտյան մենք իմացանք, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հորդոր, կոչ իրենց աջակիցներին, որն ունի հետևյալ բնույթը. «Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիներ կյանք խլած, հազարավոր ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն»: Սա կոպտորեն խախտում է Ռ. Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Էլ չեմ ասում, որ Հատուկ քննչական ծառայությունը 10 մարդկանց կյանքը խլելը Քոչարյանին չի վերագրում»,- մանրամասնեց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ «չի կարելի թույլ տալ, որ ազատ արձակեն» կոչը բիրտ ճնշում է դատարանի վրա ու պետք չէ ասել, որ դատարանների նկատմամբ ճնշումներ չկան, դրանք ահագնացել են վերջին 1 տարում:

Ալումյանը մեջբերեց ևս մեկ տող՝ «Միայն ժողովրդի ստվար զանգվածն ու նրա ահագնացող ցասումը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել»: Նա նշեց, որ ըստ Հայկ Սարգսյանի՝ դատարանի որոշումը Քոչարյանին ազատ չարձակելը պետք է լինի:

Դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ պաշտպանը կոչ արեց. «Կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ Ձեր պարտականությունը՝ կատարել սահմանադրական կարգը: Իսկ այն, ինչ Հայկ Սարգսյանը հրապարակել է, ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ: Սա ճնշում է դատավորի վրա, որ դատավորը շարունակի կալանքի տակ պահել Ռ. Քոչարյանին: Հարգելի գլխավոր դատախազ, կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»:

Հայկ Ալումյանը կոչ արեց միջոցներ ձեռնարկել, որ հավաքը տեղի չունենա, որովհետև այն խաղաղ չէ, ունի դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ:

«Մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք նման հայտարարություն չեն անի, եթե չլինի Ձեր հավանությունը: Կոչ եմ անում՝ կանխել այս զարգացումները, թույլ չտալ, որ Ձեր կողմնակիցները կատարեն այն, ինչ Հայկ Սարգսյանը նշում է իր կոչի մեջ»,- հավելեց նա:

Տեղեկացնենք, որ պատգամավորը սկզբում իր էջում տեղադրել էր հայտարարության տեքստը՝ որպես գրառում, այնուհետև ջնջել է այն և կիսվել «Դեմ եմ Հանրապետականին» էջի գրառմամբ:

tert.am