Ասում են՝ գործից ազատեմ նրանց, ովքեր ինձ հետ քայլել են, ովքեր չեն քայլել. երբ պետք լինի ինչ–որ մեկին ազատել աշխատանքից, ապա կազատեմ. Ն. Փաշինյան

Երբ տեսնեմ, որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոցները սպառված են և պետք է ինչ–որ մեկին ազատեմ աշխատանքից, ապա կազատեմ. այս մասին իր գործունեության մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ չափորոշիչներով է ընտրում կադրերին:

Լրագրողը վարչապետին հիշեցրեց, որ վերջինս հայտարարել էր, թե պետք է դիվանագիտական կորպուսում աշխատեն պրոֆեսիոնալները և մարդիկ, որոնք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, մինչդեռ կա զուգահեռ իրականություն, որտեղ նախկին իշխանությունների օրոք նշանակված կադրեր, օրինակ` Գեղամ Ղարիբջանյանը Արտաշես Թումանյանը պաշտոնավարում են և հարցին նրանք պրոֆեսիոնալ են թե՞ ոչ:

Լրագրողը նաև հիշեցրեց, որ վարչապետը մաքսատան աշխատակցին ասաց, որ դիմում գրի և դուրս գա աշխատանքից, մինչդեռ Քաղաքացիական ավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը լատինատառ է շփվում աշխատակիցների հետ։ Դիտարկմանը վարչապետն արձագանքեց. «Հայաստանի կեսը մյուս կեսի հետ լատինատառ է շփվում: Ռևազյանի հետ ես նամակագրության մեջ եմ և ոչ մի անգամ ինձ լատինատառ նամակ չի գրել, եթե տեղյակ եք, ինձ ցույց տվեք այդ լատինատառ նամակը, ես կհասկանամ, թե ինչ է»:

Վարչապետը մեկ այլ օրինակ բերեց. «Էլի օրինակ բերեմ, ասում էին, թե Հակոբ Արշակյանին ասել է՝  փետրվարի 30: Ժողովո՛ւրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչի մասին ենք խոսում: Ասենք՝ ի՞նչ: Մարդը կարող է ինչ-որ թվի չտիրապետի: Այսինքն ո՞ւմ ճաշակով պետք է առաջնորդվենք, չափանիշը ո՞րն է կադրեր նշանակելիս»:

Վարչապետը հարցրեց, հիմա Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հետ քայլե՞լ է: «Այսինքն՝ ես հասկանում եմ այսպես՝ գործից ազատեմ նրանց, ովքեր ինձ հետ քայլել են, ազատեմ նրանց, ովքեր չեն քայլել, ազատեմ նրանց, ովքեր երիտասարդ են, ազատեմ նրանց, ովքեր տարիքով են»,- նշեց նա և հավելեց։

«Շատ հաճախ աղմուկ կա, ուզում եմ հասկանալ, թե տակն ինչ կա, հասկանում ես, որ ոչ մի բան էլ չկա: Ես ոչ մեկի հետ կապված կոմպլեքսներ չունեմ՝ քայլել են, թե չեն քայլել: Մի դեպքում էլ ասում են՝ էդ ո՞նց կլինի Դավիթ Սանասարյանն այդքան քայլեց հիմա քրեական գործ եք հարուցել, մյուս դեպքում ասում եք՝ քայլել է գործից չեք ազատում, մի դեպքում էլ՝ երիտասարդին ինչի՞ եք էս գործին նշանակել, մյուս դեպքում՝ տարիքը 70 տարեկան է ինչի՞ գործից չեք ազատում»: