«Մեղադրանքն ամբողջությամբ ապօրինի է». Արմեն Գևորգյանի փաստաբանը մանրամասներ է հայտնում

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղարդվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանը ծանոթացել է Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի ողջ նյութերին և հանգել է այն եզրակացությանը, որ քրեական գործով չի հիմնավորվել Գևորգյանին առաջադրված մեղադրանքը։

«Մեղադրանքն ամբողջությամբ ապօրինի է, ավելին կնշեմ՝ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո ոչ թե մեղավորությունը, այլ առնչությունը չի հիմանվորվել իրեն վերագրվող հանցավոր արարքների մեջ»,- 168.am-ի հետ զրույցում նկատում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանի խոսքով՝ երբ դատական գործընթացը մեկնարկի, իրենց դիրքորոշումը հանրությանն ավելի պարզ կլինի։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին:

«Դատավորի մասով ընդամենը կարող եմ ասել, որ գործնականում առնչվել եմ և որ արհեստավարժ դատավոր է»,- ասում է Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

168.am