Հայազգի առաջին տիկինը Բաշկիրիայի Հանրապետության ամենաազդեցիկ կինն է ճանաչվել

Ռուսական «Реальное время» պարբերականը կազմել է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկիրիայի Հանրապետության ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային նոր աղյուսակը:

Աղյուսակը գլխավորել է Բաշկիրիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադի Խաբիրովը, որն այդ պաշտոնում նշանակվել է անցած տարվա հոկտեմբերին:

Վարկանշային աղյուսակի առաջին 20-յակում է հայտնվել նաև Խաբիրովի կինը՝ հայազգի Կարինե Խաբիրովան (Ասատրյան):

Մասնագետների գնահատականներով՝ 12-րդ հորիզոնականը զբաղեցրած առաջին տիկինը Բաշկիրիայի ամենաազդեցիկ կինն է:

«Հանրապետության ղեկավարի ժամակավոր պաշտոնակատարի հմայիչ կինը, անկասկած, նրա համար հավելյան դրական հեղինակություն է ապահովում: Նրա միջոցով շրջանի ղեկավարությունը հանրությանը որոշ հաղորդագրություններ է փոխանցում»,- գրում է թերթը:

Երեսունվեցամյա Կարինե Ավետիսյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է: Վերջերս ծնվել է նրա և 55-ամյա Ռադի Խաբիրովի որդին: