Ես այսօր այստեղ եմ իմ ամբողջ ընտանիքի անունից. Նիկոլա Ազնավուրը Ծիծեռնակաբերդում է

Ծիծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

«Ինձ համար կրկնակի տխուր է այսօր այստեղ գտնվելը, քանի որ սա առաջին տարին է, որ այս օրն իմ հայրը չկա: Իմ մորական կողմը Ցեղասպանության ընթացքում ամբողջովին զոհվեց: Եվ այդ ցավը մեր ընտանիքում միշտ է եղել, ինչպես շատ ընտանիքներում կա: Շատ կարևոր է հիշել Ցեղասպանության զոհերին, և ես այսօր այստեղ եմ իմ ամբողջ ընտանիքի անունից: Եվ ես կոչ եմ անում բոլորին գալ այստեղ և՛ այսօր՝ Ցեղասպանության հիշատակի օրը, և՛ ընդհանրապես, նոր նախագծերով ու ներդրումներով՝ Հայաստանի ծաղկման համար: Այսօր մոտենալով անմար կրակին ես նույն զգացողություններն ունեցա, ինչ ունենում էի նրա հետ այցերի ժամանակ: Ինձ թվաց, որ նա այստեղ է ՝ ինձ հետ, մեզ հետ, ինչպես մեզ հետ են բոլոր նրանք, ում հարգանքի տուրք ենք մատուցում այսօր: Հայրս կցանկանար, որ ես այսօր անպայման լինեի այստեղ: Ու ես այստեղ եմ»:

Նիկոլա Ազնավուրը նաև վստահեցրեց, որ իր հոր նման կշարունակի բարձրացնել Ցեղասպանության հարցը՝ ընդգծելով․

«Ուզում եմ նշել, որ նա երբեք չի ունեցել ատելության զգացում մյուս ազգի նկատմամբ, և նա միշտ երազում էր խաղաղության մասին: Երազում էր, որ երիտասարդությունն ապրի խաղաղության մեջ՝ առանց ատելության»: