«ԴՈՒԽՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԵՅՔ ՕԳՏԱՏԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԵԿԵՂԵՑՈՒ ՑՈՒՑՈՒՄՈ՞Վ

Շատ էի զարմացել, որ 2018 թվականի սեպտեմբերին «Կյանքի խոսք» եկեղեցին դիմել էր ԱԱԾ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջին ու «Բլոգնյուզին» պատասխանատվության կանչելու համար։ Մինչ իշխանափոխությունը  «Կյանքի խոսք» եկեղեցու նկատմամբ շատ ավելի անբարեհաճ էին, ինչու՞ չէր դիմում ԱԱԾ։

Ինչևէ, եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ Արմեն Լուսյանն ասում էր, որ խնդիրն այն է, որ օգոստոս ամսին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Դուխով Հայաստան» կեղծ էջը, որում պարբերաբար տարածվում են «սուտ տեղեկություններ, իրականացվում է հակապետական քարոզչություն և բորբոքվում է կրոնական թշնամանք»՝ հատկապես Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու, վերջինիս հովվի և եկեղեցու անդամների նկատմամբ։

Վերջերս, երբ  ձերբակալվեց «Դուխով Հայաստան»-ի «ֆեյք» էջի օգտատերերից մեկը և ԱԱԾ-ի կողմից կանչվեց «Բլոգնյուզի» պատասխանատուն, ակամայից հիշեցի «Կյանքի խոսքին»։ Ուզում եմ իմանալ՝ հիմա եկեղեցու հովվի և անդամների նկատմամբ  կրոնական թշնամանք չկա՞․․․ Ամեն ինչ կարգի՞ն է։

Փաստորեն «Դուխով Հայաստան» կեղծ օգտատերը ձերբակալվել է «Կյանքի խոսք» եկեղեցու ցուցումո՞վ․․․  Բայց ավելի էական բան կա։ Այդ դեպքում ինչու՞ Հայ Առաքելական եկեղեցին ԱԱԾ չի դիմել, երբ մայր եկեղեցու, նրա Հովվի և անդամների նկատմամբ կրոնական թշնամանք էր սերմանվում։ Երբ որոշ խմբավորումներ հարձակվում էին Մայր եկեղեցու Հովվի և անդամների վրա։ Ինչու՞ ձերբակալված մարդ չկա։

Առաջին դեպքում, երբ ասացի, որ մինչ իշխանափոխությունը  «Կյանքի խոսք» եկեղեցու նկատմամբ շատ ավելի անբարեհաճ էին, ինչու՞ չէր դիմում ԱԱԾ։ Բնական է «Կյանքի խոսքը» կասի՝ այն ժամանակ իշխանությունը այլ էր։

Իսկ երբ մեր Առաքելական  եկեղեցու Հովվին հարցնեմ, թե ինչու չի դիմել ԱԱԾ,  կասի՝ հիմա իշխանությունը այլ է։

Ուրիշ ավելացնելու բան չունեմ։ Մնացածը թողնում եմ ոչ թե ձեր երևակայությանը, այլ՝ տրամաբանությանը։ Իրավիճա՞կ է փոխվել։

Աղբյուրը` https://hraparak.am/post/1121658143