Ժողովրդին ասեիք, որ գալիս եք ստեղ` տրանսգենդերներին ԱԺ ամբիոնը տրամադրելու․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք հայտնի դառնալու համար հնչեցնում են ԲՀԿ պատգամավորների անունները։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին ու ասաց, որ իրենց գործընկեր Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ կոռեկտ է պահել։

Նա ասաց, որ իրենց կուսակցությունը եղել և մնում է ավանդական արժեհամակարգը պաշտպանող քաղաքական ուժ։ Իրենց կուսակցությանը նա հակադրեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին։

«Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել։ ժողովրդին ասեիք, որ գալիս եք ստեղ` տրանսգենդերներին Ազգային ժողովի ամբիոնը տրամադրելու։ Բա խի՞ չէիք մինչև էդ ասում։ Հասել եք էսօր քաղաքական մեծամասնության, հետին թվով դառել եք մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ», – ասաց Պետրոսյանը։

Նա նիստը նախագահողին հորդորեց պահպանել ռեգլամենտն ու թույլ չտալ, որ ԱԺ ամբիոնից մարդիկ խոսեն իրենց ֆանտազիաների մասին։ Ապա նորից անդրադարձավ մեծամասնության պատգամավորներին ու հարցրեց՝ եթե դա իրենց կազմակերպածը չէր, ապա ինչո՞ւ էին ծափահարում տրանսգենդերի ելույթից հետո։

«Պետք է անհարմար զգաք, ժողովրդի հետ ազնիվ լինել և հիշել՝ ինչ էիք խոստանում մինչև ստեղ հայտնվելը, և հիմա ինչով եք զբաղված», – մեծամասնության պատգամավորներին դիմելով`ասաց Պետրոսյանը։