Եթե գլխավոր դատախազը Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ուղղությամբ քայլեր չձեռնարկի, դատախազության դիմաց վրան կխփենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Մեր հիմնական պահանջը Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով քննչական խմբի փոփոխությունն է, դրա շուրջ կա համաձայնություն: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդամենը խնդրեց 10 օր ժամանակ, որ կոնկրետ գործողություններ իրականացնի և վերջնական պատասխանի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հրաչ Մուրադյանի սպանության գործով դատախազության դիմաց ակցիայի իրականացման շրջանակներում գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո: «Գլխավոր դատախազին ներկայացրինք մեր պահանջները, նա հավաստիացրեց, որ չնայած գործի վարույթի կասեցմանը, այս պահին ևս գործողություններ ընթանում են:

Մենք ներկայացրինք մի քանի նոր հանգամանքներ, նա խոստացավ իր անմիջական հսկողության տակ պահել գործի ընթացքը և առաջիկա 10 օրվա մեջ կոնկրետ գործողություններ իրականացնելուց հետո մենք կհանդիպենք, կքննարկենք արդյունքները»,- ասաց նա և հավելեց. «Նա ասաց՝ որոշ խորհրդակցություններ պետք է հրավիրի. մեր այն պահանջը, որ չենք վստահում քննչական խմբին և ուզում ենք՝ նոր քննչական խումբ լինի, ուժի մեջ է: Որոշ խորհրդակցություններ իրականացնելուց հետո դրա մասին վերջնական պատասխան կտրվի»:

Նա վստահեցրեց, որ այս գործողությունները լինելու են ՀՅԴ մշտական ուշադրության կենտրոնում: «Մենք հետևողական ենք լինելու մինչև գործի վերջնական բացահայտումը: Այս խաղաղ բողոքի ակցիաները չեն կարող շարունակվել երկար, սա էլ պետք է նկատի ունենալ: Այսինքն՝ մենք կոնկրետ գործողություններ կանենք՝ այստեղ վրան կխփենք, օրերով կմնանք այստեղ, կառավարության դիմաց կշարունակենք, որովհետև վեց տարի է անցել Հրաչ Մուրադյանի սպանությունից»,- եզրափակեց նա:

16:07

«6 տարի է չի դադարել հանրային պահանջը բացահայտելու այս ստոր արարքի պատվիրատուներին, օժանդակողներին: 6 տարի է անընդհատ թե՛ Պռոշյան համայնքի, թե՛ բոլոր բնակավայրներում Հրաչ Մուրադյանին ճանաչող մարդիկ հետևողական են սպանության բացահայտման հարցում: Պահանջում ենք, որ իրավական համակարգը գործի պատշաճ՝ ապահովելով լիարժեք բացահայտումը: Այնինչ, մենք հանդիպում ենք իրավական համակարգի անտարբերության: Սա անթույլատրելի է»,- ասաց ՀՅԴ-ական նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ սպանության նախորդել էին մի շարք փորձեր, որոնց նպատակը Հրաչ Մուրադյանին սպանելն էր: «Եղել է գույքի հրկիզում, արհեսական վեճ են հրավիրել, առևանգման փորձ է կատարվել: Ընտրական գործընթացի ժամանակ նրա նկատմամբ ապօրինի գործողություններ են եղել, որի նկատմամբ իրավական համակարգը անտարբեր էր, փորձ էր արվում քողարկել, ստեղծել կեղծ պատրանքներ, թե իբր այս ամենում Հրաչ Մուրադյանն է մեղավոր: Ապացույցների կեղծման միջոցով փորձել են շեղել ամբողջ քրեական գործը»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ «Դաշնակցության Աստվածն այնքան մեծ է», որ կարող են շատ ավելի մեծ բաներ անել, բայց օրենքի երկրում ցանկանում են հավատալ պետական-իրավական համակարգին, որը պարտավոր է պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքը:

Նա նշեց, որ իշխանությունները միշտ ասել են, որ շահագրգիռ են բացահայտման հարցում, բայց իրականությունն այլ է:

15:17

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ գլխավոր Դատախազության առջև:

Նրանք պահանջում են 2013 թվականին Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում:

Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլի 2-ին Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվել էր Հրաչ Մուրադյանի դին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էին նույն գյուղի բնակիչներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները:

Հաջորդ օրն Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել, իսկ Արտակ Պետրոսյանը երկու օր անց ազատ էր արձակվել, սակայն ապրիլի 15-ին կրկին ձերբակալվել էր` այս անգամ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրա նկատմամբ նույնպես մեղադրանք էր առաջադրվել: Այս գործով Արտակ Պետրոսյանը դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման, սակայն համաներման ակտով ազատ է արձակվել:

Իսկ Արայիկ Պետրոսյանին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրության:

Պռոշյանի համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/02/Hrach-muradyan/2963096