Նաիրա Զոհրաբյանը Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենի խափանման միջոցը փոխելու հարցով դիմել է Արթուր Դավթյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշմանը: Նա խոսքն ուղղել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Պարոն դատախազ, ձեզ հրապարակային դիմելու անհրաժեշտություն չէր լինի, եթե հարցը չվերաբերվեր մեկ տարեկան երեխայի ճակատագրին։ Օրեր առաջ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը, որի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հարգելով անմեղության կանխավարկածը, ես հիմա չեմ ցանկանում քննարկել՝ մեղավո՞ր է արդյոք դպրոցի տնօրենը, թե՝ ոչ։ Դա բացառապես իրավապահ համակարգի խնդիրն է, և ես վստահ եմ, որ գործը կքննվի անաչառ։

Իմ խնդրանքը ձեզ, որպես հանրապետության գլխավոր դատախազի, այլ է. տասնյակ տարի Կարինե Լալազարյանը երեխա չէր կարողանում ունենալ և ընդամենը մեկ տարի առաջ նա մայր է դարձել և նրա մեկամյա որդին այս պահին սնվում է մայրական կաթով։ Մինչդեռ, մայրը գտնվում է Քրեակատարողական հիմնարկում և բոլոր տեսակցություններն ու անգամ հեռախոսազանգերը արգելված են։ Մեկամյա երեխան սթրեսային վիճակի մեջ է, և ես վախենում եմ երեխայի առողջության համար։

Պարոն դատախազ, ես կարծում եմ, որ փոխելով Կարինե Լալազարյանի խափանման միջոցը և հնարավորություն տալով նրան լինել իր երխայի կողքին` դրանով մենք որևէ կերպ չենք վնասելու գործի արդար քննությանը։ Ես խոսել եմ Կարինեի հարազատների հետ, և նրանք երաշխավորել են, որ գործի պատշաճ քննության որևէ խոչընդոտ չի լինելու։

Անենք միասին այդ մարդասիրական քայլը, որպեսզի մայրը լինի իր մեկամայ որդու կողքին և նաև՝ կատարի օրենքի առաջ իր պարտավորությունները»,- գրել է Ն.Զոհրաբյանը։