Վարչապետը չի պարզաբանում՝ ինչու է ցանկանում սփյուռքահայերին ներգրավել պետական ապարատ, ո՞րն է խնդիրը, կադրային պակաս կա՞. Արմեն Բադալյան

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ Սահմանադրությունը շարքային օրենք չէ, որը կարող ես փոխել քո հայեցողությամբ, Սահմանադրությունը հիմնական մայր օրենքն է, և երբ ցանկանում ես այն բարեփոխել, պետք է տեսլական ունենաս այն պետության մասին, որը ցանկանում ես ունենալ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե քննարկվում են սահմանադրական փոփոխություններ, որոնցով հնարավորություն կտրվի սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավվել նաև պետական ապարատի աշխատանքներում:

Արմեն Բադալյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունը պարզաբանված չէ, հայտնի չէ, թե ինչու է նա նման բան ցանկանում անել: «Եթե դու պետության մասին տեսլական չունես, սկսում ես Սահմանադրության մեջ ինչ-որ կետեր փոխել: Ինքը մի քանի անգամ ասել է, որ սփյուռքի ներկայացուցիչները պետք է ակտիվ պետական պաշտոններ զբաղեցնեն: Խնդիրն այն է, որ հայտնի չէ, թե ինչպիսի Հայաստան է պատկերացնում նա, որտեղ սփյուռքահայերն էլ պետք է աշխատեն:

Սա նա պետք է ձևակերպի: Սակայն դա չի անում: Եթե չի ձևակերպում, ապա լավագույն դեպքում, եթե վերացվի բնակության ցենզը և այլն, միայն որոշ (մասսայական բնույթ չի կրի- Ա. Բ.) սփյուռքահայեր կարող է գան և պաշտոններ զբաղեցնեն այստեղ»,- նշեց նա: Արմեն Բադալյանը նկատեց, որ չի պարզաբանվում, թե ինչ ոլորտներում, ինչ մասնագետներ պետք է լինեն սփյուռքահայերը, օրինակ՝ դատախազ կարող են լինել, թե ընդամենը նախարար կամ նախարարի տեղակալներ:

«Դա ի՞նչ է տալու պետության զարգացմանը, վարչապետը չի նշում: Ո՞րն է խնդիրը: Ինչ-որ կադրային պակաս կա՞, և դա պետք է սփյուռքից լրացնե՞լ»,- իր զարմանքը հայտնեց  նա՝ նշելով, որ պետք է նաև հաշվի առնել, որ սփյուռքը շատ լայն հասկացություն է, որը չի գիտակցվում,- Կա Լիբանանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի հայ համայնք, և նրանցից յուրաքանչյուրը իրարից տարբերվում է 180 աստիճանով: Չի նշում, թե սփյուռքի որ գաղութներից պետք է ներկայացուցիչները գան»,- նկատեց նա:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նման նախաձեռնությունը չի մեղմի սփյուռքում առաջացած դժգոհությունը՝ կապված Սփյուռքի նախարարության լուծարման հետ: «Դրա հետ կապված միանշանակ սփյուռքում դժգոհություն կա: Շատ դեպքերում մարդիկ նշում էին, որ եթե իմանային, որ Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությանը չէին մասնակցի: Որովհետև իրենց մոտ զգացմունքային մոտեցում կա, որ եթե նախարարությունը լուծարում ես, ուրեմն սփյուռքին հաշվի չես առնում»,- ասաց նա:

Փորձագետը նկատեց նաև, որ նման նախաձեռնությունը դժվար թե Հայաստան բերի սփյուռքում կայացած, լայն հնարավորություններ ունեցող անձերի: «Կարող է մի քանի հայրենասեր գան: Սփյուռքահայերը, ճիշտ է, հայ են, բայց չպետք է մոռանալ, որ նրանք գնում են մի երկիր ապրելու միայն այն ժամանակ, երբ հասկանում են, որ այդ երկրում նաև ինչ-որ գրավիչ պայմաններ կան:

Եթե Հայաստանում առկա վիճակը այսպիսին է, երբ չկան դատաիրավական բարեփոխումներ, տնտեսական հեղափոխություն է հռչակված, որը չգիտենք, թե ինչ է, Հարկային օրենսգիրք են ցանկանում ընդունել, որը տեղացի գործարարների շահերն է ոտնահարում, լինի սփյուռքահայ, թե օտարերկրացի, դժվար թե գա այստեղ,- ասաց նա՝ նշելով, որ միայն սահմանադրական փոփոխություններով չենք կարող մարդկանց բերել Հայաստան,- առավել ևս, որ սփյուռքահային էլ պարզ չէ, թե ինքը նախարար նշանակվելուց հետո ինչ պետք է անի: Եթե չկա տնտեսական զարգացման հայեցակարգ, դա ինչ-որ մի գործողություն կլինի, որը ոչինչ չի բերի, բացի փիարից»:

Արմեն Բադալյանը չբացառեց, որ  նշյալ սահմանադրական փոփոխությունների մասին լայն շրջանակների, շահագրգիռ կողմերի հետ քննարկում չլինի: «Մենք տեսնում եք, որ իշխանությունները շատ դեպքերում այդպիսի աշխատաոճ են ընտրել: Ինչ է, Հարկային օրենսգրքի վերաբերյալ քննարկում եղա՞վ շահառուների հետ: Կամ երբ գրավատների տուրքերը բավականին բարձրացրին, դրա մասին քննարկում եղե՞լ է փորձագիտական շրջանակների և շահառուների հետ: Ո՛չ: Ավելին, մենք տեսանք, որ կառավարությունը նախորդ տարի հայտարարեց, որ լինելու է 12 նախարարություն, և չնայած փորձագետները քննադատեցին այդ նախաձեռնությունը, բայց կառավարությունն այդպես էլ իր կարծիքը չփոխեց»,- հիշատակեց նա:

Նրա նկատառմամբ՝ չի բացառվում, որ հիմա մի խումբ կա, որն աշխատում է նշյալ սահմանադրական փոփոխությունների վրա, և դա շատ հանգիստ կարող է մտնել Ազգային ժողով, մի քանի օր քննարկվել, և փոփոխությունը կատարվի՝ առանց հստակեցնելու, թե ինչու է դա արվում, դա ինչ է տալու Հայաստանին:

Հիմա, ըստ Արմեն Բադալյանի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները գտնվում են միայն զգացմունքային մակարդակի վրա: «Չկա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման մասին հայեցակարգ, իսկ դա մշակելու համար նախ պետք է արտաքին քաղաքականության հայեցակարգ լինի: Այստեղ պետք է լինի սփյուռքի մասին ենթահայեցակարգ: Բացի այդ՝ պետք է լինի տնտեսության զարգացման մասին հայեցակարգ, որի մեջ պետք է հաշվի առնվի սփյուռքը՝ որպես կապիտալ:

Հայաստանի մշակույթի հայեցակարգը պետք է լինի, որի մեջ նորից պետք է մշակվի սփյուռքի ենթահայեցակարգը: Եթե այս առանձին ոլորտների հայեցակարգերը չմշակվեն, չես կարողանա սփյուռքինն առանձին մշակել: Պետք է հասկանալ, թե սփյուռքն ինչի համար է մեզ պետք: Ի՞նչ պետք է անի սփյուռքը Լիբանանում, ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե այդ պարզաբանումները չլինեն, դժվար թե սփյուռքից մասսայաբար երկու կողմերի միջև հարաբերությունները զարգանան, սփյուռքից մարդկային և ֆինանսական ռեսուրսներ գան Հայաստան: