Անհեթեթություն է. նախագահի լուսանկարիչը հերքեց Ռիտա Սարգսյանին չնկարելու մասին լուրերը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, թե իբր նախօրեին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հրաժարվել է լուսանկարել Սերժ Սարգսյանի կնոջը` Ռիտա Սարգսյանին։

«Այդ լուրերն անհեթեթություն են։ Ես չէի կարող նման բան անել։ Եթե Ռիտա Սարգսյանը ցանկանար, ապա ես մեծ սիրով կլուսանկարեի նրան», – նշեց լուսանկարիչը։

Հակոբյանն ասաց, որ մարտի 20–ին, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգի ժամանակ, նա դահլիճում տեսել է Ռիտա Սարգսյանին, մոտեցել և ողջունել նրան, սակայն նրանց միջև ուրիշ ոչ մի խոսակցություն չի եղել։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ, հղում անելով «Բաղրամյան 26» Telegram–ալիքին, տեղեկություն են տարածել, որ իբր Ռիտա Սարգսյանը բողոքել է, որ նախագահի անձնական լուսանկարիչը իրեն չնկարելու հրաման է ստացել. «Եվ երբ նախագահի մամուլի ծառայության լուսանկարիչը մոտեցավ նրան, սիրալիր բարևեց, տիկին Սարգսյանը զարմացած հարցրեց` իսկ դու չե՞ս ուզում ինձ նկարել». Լուսանկարիչը ամոթահար ժպտաց և հեռացավ»։

Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանը նախագահականում լուսանկարիչ է աշխատել նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։

Աղբյուրը` https://armeniasputnik.am/society/20190321/17773003/anhetetutyune-naxagahi-lusankarichy-herqec-rita-sargsyanin-chnkarelu-masin-lurery.html