Մարդիկ տեղյակ չեն էլ եղել, որ սեփականատեր են. նախարարը՝ Մանվել Գրիգորյանի հողերի մասին

Առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այս կամ այն մարդկանց, բայց որոնց սեփականության վկայականները գտնվել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: Այսօր` մարտի 20-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ընդունված բան է եղել, որ պաշտոն ստանալուց հետո պաշտոնյաները սկսել են փայ-փայ անել նաև հողերը:

«Մանվել Գրիգորյանի դեպքով՝ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով և ոչ մրցույթով: Այդ առումով այժմ ուսումնասիրություններ են կատարվում մի շարք համայնքներում՝ Դիլիջան, Ծաղկալանջ, Ակնալիճ… Այդ տարածքների վերաբերյալ մենք գրություն ենք ստացել, ըստ որի՝ տարբեր անձինք խոստովանում են, որ կամ իրենք տեղյակ չեն իրենց սեփականություններից, կամ էլ այդ հողերի աճուրդը կայացել է ոչ օրենքով սահմանած կարգերով»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ այդ հողակտորների հետ կապված նախկինում տրված որոշումները պետք է կամ ճանաչվեն առ ոչինչ, կամ էլ դատարանը համապատասխան գնահատական կտա, որից հետո կորոշեն անելիքը:

Նախարարը վստահեցրեց, որ իրենք իրենց իրավասության շրջանակում դիմելու են համապատասխան մարմիններին՝ այդ հողերը հետ ստանալու համար:

«Իմ հորդորով՝ մարզպետարաններն իրենց կայքերում արդեն իսկ ցուցադրում ենք իրենց տարածքներում կատարվելիք աճուրդները: Բացի այդ, մեր վարչություններից մեկը փաստաթուղթ է մշակում, որպեսզի հողերի սեփականաշնորհման կարգում ինչ-ինչ փոփոխություններ լինեն»,-ասաց Պապիկյանը: Նա նշեց, որ իր կարծիքով՝ հողերի սեփականաշնորհման հետ կապված իրավական ակտերը, օրենքները բարելավման կարիք ունեն:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին` զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Ավելի ուշ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։

Աղբյուրը` https://m.armeniasputnik.am/armenia/20190320/17759983/mardik-texyak-chen-el-exel-vor-sepakanater-en-naxarary-manvel-grigoryani-hoxeri-masin.html