Օրենսդիրի և գործադիրի միջև լուրջ «մենամարտեր» են գնում Հարկային օրենսգրքի շուրջ․ Հայկ Գևորգյան

«Եթե մի քիչ գույները խտացնեմ, հիմա օրենսդիրի և գործադիրի միջև լուրջ «մենամարտեր» են գնում Հարկային օրենսգրքի բոլոր դրույթների հետ կապված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդարդառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին փաթեթին։

«Այնպես չի լինելու, որ իրենք ինչ բերեն, մենք կողմ քվեարկենք, կամ այնպես չի լինելու, որ մենք ասենք՝ չէ, վերջ, կառավարությունը վերցնում է իր նախագիծը, նեղանում և հեռանում է»,-հավելեց Հայկ Գևորգյանը։ Հենց սկզբից, նրա խոսքով, ընթանում են բուռն ու թեժ քննարկումներ։

Պատգամավորը նշեց, որ մինչև օրենսգրքի փոփոխությունները օրենք դառնան, քննարկումները, «մարտերը» մինչև վերջին պահը շարունակվելու են, բայց Հարկային օրենսգրքի փաթեթը կընդունի կոնսենսուսով։

Անդրադառնալով նպաստառուների խնդրին՝ Հայկ Գևորգյանը նշեց, որ աշխատունակ մարդը պետք է աշխատի, ինքը պետք է ստեղծի այն բարիքը, որը պետք է սպառի․«Չի կարող պետությունը ուրիշի ստեղծած բարիքից հարկեր հավաքել և տալ մի մարդու, որ ուզում է բազմոցին պառկել և նպաստով ապրել»,-ասաց նա։