«Եթե դասագրքերում վերանայում են մարտի 1-ի դեպքերը, ինչո՞ւ չեն վերանայում նաև հոկտեմբերի 27-ի դեպքերը». Անահիտ Բախշյանը՝ ԿԳ նախարարի որոշման մասին

Փետրվարի 27-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր հրամանով պատմության մասնագետների ներգրավմամբ ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է, թե ինչպես են դպրոցական դասագրքերում ներկայացված մարտի 1-ի դեպքերը.

«Հանձնաժողովում ներգրավված են դպրոցներից և բուհից տարբեր մարդիկ։ Կարծում եմ՝ որոշակի լուծումներից հետո նրանք  եզրակացություն կներկայացնեն։ Խնդիրները նաև պատմության դասագրքերի հետ են եղել, մասնագետները կտան եզրակացություն»,- ասել էր ԿԳ նախարարը։

Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով, եթե դասագրքերում պետք է վերանայեն մարտի 1-ի դեպքերի մասին նյութերը, ապա ինչո՞ւ չեն վերանայում նաև հոկտեմբերի 27-ի մասին դեպքերին առնչվող թեմաները։

«ԿԳ նախարարի այդ հայտարարությունը կարդալուց հետո ինձ մոտ հարց առաջացավ՝ բա հոկտեմբերի 27-ի՞ դեպքերը, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը սևեռվել Մարտի 1-ի վրա։ Այո, թե՛ մարտի 1-ը, թե՛ հոկտեմբերի 27-ը, և ընդհանրապես 1996 թվականի այդ խայտառակությունները՝ կապված նախագահական ընտրությունների հետ, պետք է վերանայվեն։ Նորագույն պատմության նորագույն անցքերը պետք է վերանայեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ա. Բախշյանը։

Նա հարց բարձրացրեց, թե արդյո՞ք տեսել են, թե դասագրքերում ինչ է գրված Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին:

Հարցին՝ վերանայելիս, արդյո՞ք մարտի 1-ի դեպքերն այս անգամ օբյեկտիվ կներկայացվեն, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Պատմությունը միշտ ունի սուբյեկտիվ կողմ, նայած, թե այն ով է պատվիրում: Եթե ազնիվ պատվիրեն, ապա Մարտի 1-ը և Հոկտեմբերի 27-ն այնպես պետք է ներկայացնեն, որ երեխան չամաչի, որ ինքը ՀՀ քաղաքացի է։ Կարծում եմ՝ ամեն ինչ հնարավորինս օբյեկտիվ պետք է գրվի»:

Անդրադառնալով մարտի 1-ին նախատեսված երթին, որի մասին արդեն հայտարարել է ՀՀ վարչապետը, Անահիտ Բախշյանն ասաց, որ միշտ մասնակցել է մարտի 1-ի երթին, սակայն չգիտի՝ վաղը կմասնակցի՞, թե՞ ոչ, քանի որ ժամանակի խնդիր ունի։«Մասնակցելով այդ երթին, ցանկանում եմ քաղաքացիական համաձայնությունը տալ այն կոչերին, որոնք այսուհետև կբացառեն նման դեպքերը մեր երկրում»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Աղբյուրը՝ 168.am