Ինչու՞ Սփյուռքի ձայնը լսելի չէ, նախարարության լուծարումը չմտածված քայլ է. սփյուռքահայեր

Հեղափոխությունը կատարվեց, քանի որ Սփյուռքը ևս աջակցեց և լսելի դարձրեց իր ձայնը։ Բայց ինչու՞ այսօր Սփյուռքի ձայնը լսող չկա։ Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Սիրանույշ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախարարության լուծարման դեպքում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հետընթաց կապրեն. «Մեզ համար հիմա շատ դժվար է հասկանալը՝ որ հարցի, որ խնդրի դեպքում ու՞ր, ո՞ր նախարարություն պետք է դիմենք։ Նույնիսկ Հայաստանում բնակվողներն են դժվարանում այդ հարցում։ Մենք կարծում ենք, որ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է կամրջի մեկ մարմին միայն՝ Սփյուռքի նախարարությունը»։

Բրազիլիայի Սան Պաուլո համայնքը նախարարության լուծարման առնչությամբ իր մտահոգությունը նախորդ տարվա դեկտեմբերին էր նամակ-դիմումով ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց ասում են՝ «ձայն բարբառոյ հանապատի»։

Համայնքի ներկայացուցիչ Վարդինե Քալայջյանը նշում է. «Նախարարությունն այս 10 տարիների ընթացքում մշտապես աջակցել է աշխարհի հայ համայնքներին։ Նախարարության աջակցությամբ արդեն քանի տարի է՝ Սան Պաուլո են ժամանում հայկական ազգային պարերի պարուսույցներ, որոնք համայնքի հայերին սովորեցնում են ազգայինը»։ Վարդինե Քալայջյանի խոսքով՝ Սփյուռքի նախարարության լուծարման հարցը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ Սփյուռքում. «Արդյոք Սփյուռքի գործերով հատուկ հանձնակատարը կարող է 7 մլն հայկական Սփյուռքի խնդիրները հասկանալ ու փորձել լուծում տալ։ Կարծում եմ՝ ո՛չ»։

ՀՅԴ Հարավային Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Ճանիկ Քեչեյանը Սփյուռքի գծով հատուկ հանձնարարություններով դեսպանի վերաբերյալ վարչապետի առաջարկը գործնականում անորոշ է համարում։ Ասում է՝ չի կարելի այս հարցում իմպրովիզացիաներ անել. «Այսօր սփյուռքի ոչ միայն ռազմավարական կարևորությունն է անտեսված, այլև չեն պատկերացնում այստեղ տիրող իրական վիճակը։ Նախարարությունը լուծարելու մասին որոշումը չմտածված քայլ է, իսկ դրա համար առաջ քաշված պատճառաբանությունը` կրճատել նախարարությունների թիվը, ոչ ծանրակշիռ փաստարկ։ Կարծում եմ՝ կարելի էր պահել նախարարությունը և կառուցվածքային որոշակի փոփոխություններ անել։ Չենք հասկանում՝ ինչպես կարելի է նմանատիպ ծրագիր մշակել՝ առանց հայ համայնքների դիրքորոշումը պարզելու»։

Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջիկայում Հայաստանը կունենա 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն։ Վերակազմավորման արդյունքում լուծարվում է Սփյուռքի նախարարությունը։ Որոշման համաձայն՝ Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգելու է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը, ով լինելու է վարչապետի աշխատակազմում։ Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համար գլխավոր հանձնակատարի պաշտոնին հավակնում է Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը։

Աղբյուրը՝ tert.am