Ինչու են դպրոցներում աշխատավարձերն ուշացնուն. Քաղաքապետարանի պարզաբանումը

Արդեն մի քանի օր է՝ 168.am-ի խմբագրություն են զանգահարում տարբեր դպրոցների մանկավարժներ՝ բողոքելով, որ դպրոցներում իրենց աշխատավարձերն ուշացնում են, և հույս էլ չկա, թե երբ կտան։

Ի դեպ, օրեր առաջ լրագրողների հետ զրույցում այս հարցին անդրադարձել էր նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ դպրոցներում աշխատավարձերի ուշացում չի լինի, իսկ եթե կան նման դպրոցներ, պետք է կոնկրետ դրանց անունը նշել։

Աշխատավարձերն ուշացրել են նաև թիվ 106 հիմնական դպրոցում։

168.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը նշեց, որ առաջիկայում դպրոցում բոլոր կստանան իրենց աշխատավարձերը: «Ֆինանսավորում չկա, մենք սովորաբար մնացորդի հաշվին փոխանցում իրականացնում էինք, բայց այժմ, քանի որ այդքան մնացորդ չունենք, փոխանցումը չի եղել։ Կան դպրոցներ, որոնք մնացորդի հաշվին ստացել են, որոշ դպրոցներ էլ դեռևս չեն ստացել։ Այսօր կամ վաղն աշխատավարձը կլինի»,- ասաց Մ . Վարդանյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հարցի առնչությամբ տեղեկացրեց, որ խնդիրը միայն Երևանի դպրոցներին չի վերաբերում։

«Առաջացել են ինչ-որ տեխնիկական խնդիրներ, որ քաղաքապետարանի հետ կապ չունի։ Ամեն դեպքում ուշացման պատճառը տեխնիկական է, բայց արդեն տեղյակ եմ, որ գումարներ են փոխանցվել, և եթե դեռ չեն ստացել՝ այսօր օրվա ընթացքում կստանան»,- եզրափակեց Հակոբ Կարապետյանը։

Զվարթ Խաչատրյան

Հ.Գ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատ մանկավարժներ հույսով սպասում էին, որ «Նոր Հայաստանում» կստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց աշխատավարձերի ուշացման հետ կապված նրանք այլևս նման հույսեր չունեն: Այս կառավարությունից նրանց միակ սպասումն այն է, որ «ժամանակին գոնե մեր չնչին կոպեկները տան, վարկերը փակենք»։