Փաշինյանը կոչ արեց մարտի 23-ին մաքրել Հայաստանը

Վարչապետը կոչ արեց չկրկնել նախորդ` «Մաքուր Հայաստան» ծրագրի սխալները։

 Մարտի 23-ին Հայաստանում կանցկացվի հեղափոխական շաբաթօրյակ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ համաժողովի ընթացքում։

ՀՀ վարչապետը նշեց, որ նման համաժողովրդական շաբաթօրյակի փորձ արվել էր նաև նախկին իշխանությունների օրոք։

«2 տարի առաջ իրականացվեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք պիտի չկրկնենք այն բացթողումները, որ այդ ծրագրի իրականացման ընթացքում եղել են»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը պատմեց, որ նախորդ ծրագրի բացթողումներն անձամբ է բացահայտել քայլարշավի օրերին՝ տեսնելով այս ու այնտեղ կուտակված  աղբակույտերը։

«Տեսախցիկների առաջ աղբը հավաքել են ու տարել աչքից հեռու մի տեղ թափել»,- ասաց վարչապետը։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն  էլ կոչ արեց համայնքների ղեկավարներին միանալ ու ակտիվ մասնակցել շաբաթօրյակին։

«Սա ուղերձ է ունենալու մաքուր Հայաստան, մաքուր համայնք, մաքուր հայրենիք»,- ասաց Պապիկյանը։

Նա համայնքների ղեկավարներին հորդորեց մաքրել ոչ միայն համայնքի, այլև մայրուղու հարակից տարածքը՝ մի համայնքից մինչև մյուսը։

Նախարարը հայտարարեց, որ ինքը ևս անձամբ դուրս է գալու մայրուղի ու հավաքելու այնտեղ կուտակված աղբը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am