Սպառնալիքներ, հոխորտանքներ եւ վիրավորանքներ ՍԱԾ-ի աշխատակիցներին

Սոցիալական ապահովության ծառայությունը վերջին շրջանում քաղաքացիների կողմից ստացված բողոք-նամակների ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ բարձրացված հարցերը մոտավոր ձեւակերպումներով են, անանուն նամակներ են, կամ էլ առանց դեպքը նույնականացնելու տվյալներ: Ստացվում է՝ հնչեղություն ունեցած դիմում-բողոք՝ առանց բավարար տվյալների: Այս մասին հայտնում են սոցիալական ապահովության պետական ծառայությունից՝ հավելելով, որ ծառայությունը մշտապես անհրաժեշտ հետեւողականություն է դրսևորում եւ պատրաստակամ է քննության առնել յուրաքանչյուր բարձրացված խնդիր:

Ըստ ՍԱԾ-ի՝ բողոքները չհիմնավորված բնույթ են կրում՝ ոչ հասցեական վիրավորանքներ, անհարգալից դիմելաձեւ ծառայողներին: Ծառայության տարածքային ստորաբաժանումներում նույնիսկ արձանագրվել են քաղաքացիների կողմից աշխատակիցներին ուղղված սպառնալիքներ, հոխորտանքներ՝ ի պատասխան անձանց բարձրացրած հարցերին տրված պարզաբանումների:

«Հարգելի քաղաքացիներ, Սոցիալական ապահովության ծառայությունը կրկին հաստատում է, որ հետևողական է լինելու բարձրացված յուրաքանչյուր հարցի: Սակայն հորդորում ենք եւ խնդրում՝ Ծառայության ստորաբաժանումներ այցելելիս ճշտեք ձեզ սպասարկող աշխատողի անունը, առաջարկությունը, բողոքը, դժգոհությունը ձեւակերպելիս ներկայացրեք հիմնավոր տվյալներ՝ մասնավորապես, նշեք շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում վերաբերում է հարցը, ծառայողի անունը, ստորաբաժանման անվանումը, որտեղ այցելել եք:
Եվս մեկ անգամ խնդրում ենք՝ զերծ մնալ անհասցե բողոքներ հնչեցնելուց: Հարցի հասցեական ներկայացումը կարագացնի Ծառայության արձագանքը և զերծ կպահի անարդյունավետ աշխատանքից: Հարգանքով՝ ՍԱԾ»,-ասված է սոցիալական ապահովության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ armtimes.com