«Քոչարյանի գործի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում». Հայկ Ալումյան

«Ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի, Վճռաբեկ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքը եղավ օրինական, դատավորն ընկալում էր մեր բերած փաստարկները։ Դժբախտաբար, այս ամենով հանդերձ, դատավորն իրեն թույլ տվեց կոպտորեն խախտել օրենքն իր վերջնական որոշման մեջ և շարունակեց կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով փետրվարի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճռին, որով մերժվեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Փաստաբանի խոսքով՝ 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված 7 հոգու, սակայն 2009 թվականին Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը փոխվել է, որի արդյունքում այդ 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

«Պատճառաբանում էին, որ փոփոխված 300.1 հոդվածը վատացնում է մարդու վիճակը, հետևաբար՝ իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով՝ այդ 7 հոգին խուսափեցին պատասխանատվությունից, քրեական հետապնդումից խուսափեց նաև մեր հարգարժան վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ Մեր փաստարկներից մեկն այն է, որ այդ ստանդարտը պետք է կիրառվի նաև Քոչարյանի դեմ, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ ամենն այն ժամանակվա վեց դատախազների տեսակետն է եղել։ Մեր Դատախազությունը հաշվի չի առնում, որ ըստ Սահմանադրության՝ Դատախազությունը միասնական համակարգ է։ Մարդու ճակատագիրը չի կարող կախված լինել այն բանից, թե տվյալ պահին դատարանում որ դատախազն է, անձի նկատմամբ այս աստիճանի սուբյեկտիվ մոտեցում չպետք է լինի»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա, ցավալի է, որ այս ամենը պետք է ապացուցեին Դատախազությանը, ավելի ցավալի է, որ նույնիսկ Վերաքննիչ դատարանում չեն կարողացել այդ փաստն ապացուցել։
Ինչ վերաբերում է 7 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ վճիռ կայացրած 6 դատախազներին, ապա Հայկ Ալումյանի խոսքով՝ նրանցից մեկն այժմ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է՝ Լիլիթ Թադևոսյանը։

«Այսօր պարոն Քոչարյանի գործի նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ։ Կա Մուշեղ Սաղաթելյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը, և դժվարանում ենք պատկերացնել, թե ինչու են փորձում այդ վճիռն օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ, քանի որ այնտեղ չկա այնպիսի բան, որը որևէ կերպ կարող է ամրապնդել Քոչարյանի մեղսագրվող մեղադրանքները»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Աղբյուրը՝ 168.am