Շատ կարեւոր խնդիրներ կան մեր երկրում, բայց չկա կոնկրետ այն մեկը, որից հետո նոր կարող ենք անդրադառնալ օրհներգին․ Սիմոնյան

«Հայկական ժամանակ»-ը որոշ ժամանակ առաջ հայտնել էր, որ այսուհետ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենալու իրենց սպասարկող ավտոմեքենաներ, եւ ըստ այդմ՝ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը, կխնայվի որոշակի գումար։ Սակայն այս փոփոխության արդյունքում մի շարք մարդիկ կորցնելու են իրենց աշխատանքը, ինչ-որ աշխատանքների կազմակերպման գործընթացն էլ գուցե դժվարանա։

Այս եւ այլ թեմաների մասին զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ։

– Պարոն Սիմոնյան, ԱԺ աշխատակազմին սպասարկող մեքենաները կրճատվեցին, ինչ-որ գումար խնայվեց։ Բայց հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան աշխատակազմի վարչությունների պետերի կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալների հետագա աշխատանքները կազմակերպելիս։

– Կածում եմ՝ չեն առաջանա։ Եւ բացի այդ՝ ոչ միայն Ազգային ժողովում, այլ նաեւ տարբեր հիմնարկներում ծախսերը բավականին ուռճացված են․ պետական համակարգը ի զորու է գործել սպասարկող շատ ավելի քիչ անձնակազմով, եւ ես վստահ եմ՝ դա աշխատանքի որակի վրա չի անդրադառնա։

– Անհրաժեշտության դեպքում այդ պահին մեքենա վերցնելը երկար ընթացակարգ չի՞ ենթադրելու հետագայում, օրինակ, որեւէ հրատապ հարցի դեպքում տեղափոխման ժամանակ։

– Այդ ի՞նչ հրատապ հարց պետք է լինի, որ այս ինֆորմացիոն դարում, երբ կան հեռախոսներ կամ տարբեր միջոցներ, խնդիր առաջանա։ Հրատապ տեղափոխվելու անհրաժեշտության դեպքում էլ հնարավոր կլինի ելք գտնել։

– Մեքենաների կրճատման պատճառով որոշ մարդիկ, փաստորեն, դարձան գործազուրկ։ Նրանց հանդեպ ձեր կողմից կա՞ որոշակի պատասխանատվություն, եւ ինչ-որ փոխհատուցում լինելո՞ւ է։

– Միանշանակ պատասխանատվություն կա, բայց, կարծում եմ՝  բնական է, որ մարդիկ խնդիր կունենան աշխատանքի հետ կապված։ Եւ միեւնույն ժամանակ՝ մենք չենք կարող բոլոր մարդկանց հոգսը դնել ամբողջ երկրի քաղաքացիների ուսերին։

– Ձեր խմբակցության պատգամավորներից Հայկ Գեւորգյանն իր հարցազրույցներից մեկում ակնարկեց, որ հնարավոր է՝ այդ մարդկանց որպես փոխհատուցում ավելի ցածր գնով վաճառվեն այդ մեքենաները։ Ի՞նչ կարծիք ունեք փոխհատուցման այս տարբերակի մասին։

– Չէի լսել դրա մասին, բայց, անկեղծ ասած, համաձայն եմ իմ գործընկերոջ տեսակետի հետ։ Նման ձեւը շատ լավ լուծում կարող է լինել, չնայած վստահ չեմ, որ դա տեխնիկապես ամբողջովին հանրավոր կլինի կազմակերպել։

– Պարոն Սիմոնյան, վերջին օրերին բուռն քննադատության արժանացաք, երբ խոսեցիք ՀՀ օրհներգը փոխելու անհրաժեշտության մասին։ Արդյոք օրակարգում ավելի կարեւոր հարցեր չկան։

– Գոյություն ունի քաղաքական օրակարգ, պետական օրակարգ, եւ գոյություն ունեն անձնական օրակարգ ու քննարկման ենթակա թեմաներ։ Ես ունեմ չորսից հինգ օրենսդրական նախաձեռնություն, որոնք այդքան հետաքրքիր չեն լրագրողներին, մարդկանց, որովհետեւ դրա մասին լավ ստատուսներ ու վերնագրեր գրելը մի քիչ դժվար է, մարդիկ հաճախ ուղղակի անդադար շահարկում են ինչ-որ թեմա։ Իսկ Հայաստանում, իհարկե, կան շատ ավելի կարեւոր խնդիրներ, եւ չկա կոնկրետ այն խնդիրը, որից հետո նոր կարող ենք անդրադառնալ օրհներգին։ Այսինքն՝ այդ կարեւոր խնդիրները միշտ են լինելու։

– Ի՞նչ ուրիշ նախաձեռնություններ ունեք այս պահին։

– Դեռ նախորդ գումարման Ազգային ժողովից կա օրենսդրական նախաձեռնություն, որն արդեն իսկ պատրաստվում եմ ուղարկել կառավարություն։ Դա բուքմեյքերական գրասենյակների գործունեության սահմանափակմանն է վերաբերում, հաջորդը՝ գազալցակայանների ավտոմատ այդ սարքերի վերացումը մեր տարածքում։ Օրենսդրական նախաձեռնություն ունեմ նաեւ Մարտի մեկի զոհերի ծնողներին փոխհատուցում տալու վերաբերյալ, ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին փոխհատուցում տալու վերաբերյալ։ Նաեւ ՀՀ-ում հոսանքի հետ կապված նախաձեռնություն կա, որը դեռ անակնկալ է․ այն հնարավորություն կտա մեր քաղաքացիներին 10-15 տոկոս խնայողություն անել։ Սա՛ է իմ օրենսդրական գործունեությունը։ Իսկ օրհներգի թեման ես պահելու եմ օրակարգում եւ հարմար պահի մենք կխոսենք օերնսդրական նախաձեռնության կամ ավելի լուրջ քայլի մասին։ Բայց ես երբեք որեւէ մեկին չպիտի հարցնեմ, թե ինչ քննարկեմ ՀՀ քաղաքացու հետ։

– Խոսեցիք Մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին։ Դրա հնարավորությունը տալիս է նաեւ անցումային արդարադատությունը։ Սպասելու եք այս գործիքի կիրառմա՞նը, թե՞ ավելի շուտ եք աշխատելու, հանձնաժողո՞վ եք ստեղծելու։

– Ինչո՞ւ պիտի սպասենք․ Մարտի մեկը փաստ է, եւ զոհերի հարազատները պետք է փոխհատուցում ստանան՝ անկախ անցումային արդարադատության կիրառումից, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի տարածքում ծառայություն կատարած ոստիկանների հարազատները, որովհետեւ այդ ոստիկաններն էլ զոհվել են իրենց ծառայության ժամանակ։

– Այս նախաձեռնությունը մոտավորապես ի՞նչ ժամկետներում կյանքի կկոչվի։

– Ես ու Լենա Նազարյանն ենք նախաձեռնության հեղինակները։ Հիմա ամեն ինչ անում ենք, որ մինչեւ այս տարվա Մարտի մեկը օրենքը ընդունվի։

Աղբյուրը՝ armtimes.com