Ռոբերտ Քոչարյանի գործով ցուցմունք տված անձը այդ ցուցմունքից հետո բավականին լուրջ պաշտոնի բարձրացում է ունեցել. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի գործին կցված բարձրաստիճան սպաներից մեկի ցուցմունքը հակասության մեջ է գործում առկա շատ ապացույցների հետ:

Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նախորդ նիստի ավարտին Հայկ Ալումյանը նշել էր, որ Քոչարյանի գործին կցված են բարձրաստիճան սպաների ցուցմունքներ: Խոսելով այս մասին՝ Ալումյանն ասաց, որ նրանցից շատերի ցուցմունքների բովանդակության հետ իրենք համաձայն են: Հարցին՝ արդյոք կա՞ն ցուցմունքներ, որոնք ակնհայտ կեղծիք են, կամ ճնշումների արդյունքում են տրվել, Ալումյանը պատասխանեց, որ կա ցուցմունք, որի մի հատվածը, իրենց գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում: Ըստ Ալումյանի՝ այդ ցուցմունքը հակասության մեջ է գործում առկա շատ ապացույցների հետ: «Ցուցմունք տված անձը այդ ցուցմունքից հետո բավականին լուրջ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ»,- ասաց Ալումյանը: Նա, սակայն, չնշեց, թե բարձրաստիճան սպաներից ո՞ւմ մասին է խոսքը:

Մեր հարցին՝ ցուցմունքը բանակի օգտագործման հետ կապվա՞ծ է, թե՞ այլ դրվագների շուրջ է, Ալումյանը նշեց, որ ցուցմունքը վերաբերում է 0038 հրամանին նախորդող իրադարձություններին:

Աղբյուրը՝ armtimes.com