Արսեն Խառատյանը առաջարկում է իշխանական ամբողջ թիմով բոյկոտել որոշ լրատվամիջոցների

Նորօրյա մամուլի մասին, կամ` ինչպես հակադարձել Fakenews-ին

Հետհեղափոխական Հայաստանի մամուլի հատկապես առցանց տարածքը հեղեղված է բամբասանքով ու զրպարտութուններով, իսկ հաճախ նաեւ էժանագին անձնական վիրավորանքներով: Ընդ որում, կեղծ ու մտացածին տեղեկատվություն են տարածում ոչ միայն նորաթուխ, հաճախ անխմբագիր ու անհասցե կայքերը, այլեւ հայալեզու մեդիատիրույթում տասնամյակից ավելի գործող մի շարք «լրատվականներ»:

Նշված էժան հրապարակումների դեմն առնելը իրապես լուրջ մարտահրավեր է: Խնդրին իրավական կարգավորում տալու վերաբերյալ որեւէ քննարկում անմիջապես որակվում է որպես ոտնձգություն խոսքի ազատության դեմ, մինչդեռ բարոյաէթիկական հարթությունում, իմա` հանրային պարսավանքի միջոցով նմանատիպ դրսեւորումները կանխելը ցավոք աննշան ազդեցություն է ունենում:

Զուգահեռաբար, մի կողմից ունենք առանձին լրագրող/խմբագիրների, որոնք տարբեր` անձնական համակրանք/հակակրանքից, կամ` նյութական հետաքրքրությունից ելնելով են մամուլի մակարդակն ու լրագրությունը հասցրել նման աղետալի վիճակի, մյուս կողմից` Միքայել Մինասյան մեդիամագնատն ու այս ոլորտում ազդեցությունն ահագնացնել փորձող Ռոբերտ Քոչարյանն են: Այս վերջինների ողջ նպատակը գործող կառավարության եւ Օրենսդիրի ձախողմանը հասնելն է, ուստի վարչակազմի որեւէ` նույնիսկ ամենափոքր սայթաքում, ներկայացվում է որպես ազգային անվտանգությունն ու պետականությունը կործանման տանող ավեր:

Այս ամենում «Իմ քայլի» գործընկերների համար առավել վտանգավորն այն է, որ նշված մեդիատիրույթը նաեւ փորձեր է անում կասկածի որթ գցել դեռեւս ողորկ ու կայացման փուլում գտվող թիմի մեջ: «Իշխանության մեր աղբյուրները», «ներսից մեզ հասած լուրերի համաձայն», «կառավարության մեր աղբյուրը» ու նմանատիպ այլ ձեւակերպումներով, թիմակիցների միջեւ անվստահություն սերմանելու փորձեր են արվում, ինչը, եթե այս փուլում դեռեւս տհաճ գլխացավանք է միայն, ապա առաջիկայում կարող է իրական վտանգ դառնալ:

Ուստի ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Ըստ իս, այս փուլում հակազդելու առավել արդյունավետ ձեւը թիմակիցներին անձնական վիրավորանքներ հասցնող, կամ ակնհայտ զրպարտանք տեղացող մամուլի միջոցները բոյկոտելն է: Այո, եթե լրագրող գործընկերը կամ լրատվամիջոցը իրեն թույլ է տալիս նշաձողն իջեցնել մարդու նկատմամբ ստոր վիրավորանքների մակարդակի, ապա նրանց հետ խոսելը պետք է բացառել: Սա մի կողմից կոլեկտիվ համերաշխության դրսեւորում կլինի թիմակցի հանդեպ, մյուս կողմից` կկանխի այլոց կողմից պառակտելու փորձերն ու կարագացնի թիմի կայացումը:

Եւ ուրեմն հարցին` խո՞սքն է ուժեղ, թե՞ արհամարանքը, իմ պատասխանն է. «Նայած թե ում հետ գործ ունես»…

 Գրում է վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում: