450 գիտաշխատող կդառնա գործազուրկ

ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի որոշման արդյունքում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) թվով 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։ Օրեր առաջ նրանք ծանուցումներ են ստացել, որում ասվում է՝ մարտի 31-ից ազատված են աշխատանքից։ ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառուցվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլևս չկա բազային ֆինանսավորում: Պարզ խոսքով, այդ որոշմամբ՝ անմիջապես Գիտության պետական կոմիտեից կամ կառավարությունից բազային ֆինանսավորում ստացող գիտահետազոտական միավորներն այլևս չեն ստանալու այդ ֆինանսավորումը. այն փոխարինվելու է մրցութայինով՝ տենդերի պես։ Ընդ որում, խոսքը միայն ԵՊՀ-ին չի վերաբերելու, այլ նաև Բժշկական համալսարանին, Ֆիզիկայի ինստիտուտին, Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, և այլն։ Փակվելու են մի քանի տասնյակ գիտական ինստիտուտներ, կենտրոններ ու լաբորատորիաներ, որտեղ աշխատում են անվանի և միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, որոնք այդ հաստիքները զբաղեցնում են մրցութային կարգով (3-5 տարի ժամկետով)։ Որոշումը տարածվելու է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմերի վրա։

Մինչ գիտության ոլորտի աշխատակիցները փորձում են հասկանալ Փաշինյանի կառավարության այս որոշման տրամաբանությունը, թավշյա հեղափոխության որոշ կողմնակիցներ արդարացնում են այն՝ ասելով, թե այդ գիտահետազոտական հիմնարկներում աշխատողների 60-80 տոկոսը «պարապ կոֆե խմողներ» են, որոնք գիտական որևէ արդյունք չեն տալիս, և պետք է կրճատել նրանց։ Թեժ և կոշտ բանավեճեր են ծավալվում համացանցում՝ «Մատենադարանում սաղ կոֆե խմո՞ղ են… Որովհետև սկզբունքը «ломать-не строить»-ն է. եթե մի բան չեն կարող սարքել՝ քանդում են, ու կապ չունի՝ ինչքանն էր հեշտ սարքվող, ինչքանը՝ քանդելիք»: «Բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն անում, բա սա՞ էր մեր՝ համալսարանականներիս, երազած Հայաստանը, բա ա՞յս կերպ են գիտատար արդյունաբերություն ցանկանում զարգացնել: Այս կառավարությունը գիտնականի և գիտության թշնամին է»,- գրում են քննարկման մասնակիցները: Առանց գիտության ոլորտի մասնագետների կարծիքները լսելու, զարգացման հնարավորություններն ու խնդիրները քննարկելու՝ որոշում են կրճատել։

ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել այդ որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը. ասում են գիտության ոլորտի աշխատակիցները։

Հավելենք, որ ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Կառավարություն՝ իրենց դժգոհությունն ու առաջարկները հայտնելու կառավարությանը:

Աղբյուրը՝ 168.am