«Տղերք, ո՞ւմ և ինչի՞ տեղ եք դրել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին և իր դիտարկումները գրել Facebook սոցիալական ցանցում։

«Փաստում եմ, որ անգամ կադրային և հմուտ դիվանագետի մոտ այլևս չի ստացվում «սվաղել» և «սղցնել» հասարակության մոտ առկա մտահոգությունները»,– գրել է նա:

Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարում չի եղել, դրան ավելացել է Դուշանբեն:

Ըստ Աշոտյանի` փաստ է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների և ոչ մի հայտարարություն չի հիշատակում և պարտադրում այդ կարևորագույն պայմանավորվածությունների իրականացումը: Նա ավելացրել է, որ ապրիլյան պատերազմից հետո այս պայմանավորվածությունների իրագործումը հայկական կողմի ջանքերով և համանախագահների համաձայնությամբ դիտվել է բանակցային գործընթացի կարևորագույն բաղադրիչ:

«Ադրբեջանական կողմի ջանքերով և Նիկոլ Փաշինյանի հանցավոր կարճատեսությամբ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը դարձավ բանակցային գործընթացի հենակետ, որը կարող է ցանկացած պահի փլուզվել»,– ընդգծել է Աշոտյանը:

Նա վստահեցրել է, որ իրենց օրոք ձեռքբերված պայմանավորվածությունները վստահության մթնոլորտի և միջազգային վերահսկողության ինստիտուցիոնալ հիմքեր էին ստեղծում և քաղաքական առումով պարտադիր էին դարձել, ի տարբերություն Դուշանբեի:

«Նախարարն ասում է նաև, որ Արցախին բանակցային կողմ դարձնելը պրակտիկ խնդիր է: Տղերք, ո՞ւմ և ինչի՞ տեղ եք դրել: Արցախը վաղուց պրակտիկ առումով ներգրավված է եղել բանակցային գործընթացի մեջ. ԵԱՀԿ համանախագահները և անձնական հանձնակատարը մշտապես այցելել են Ստեփանակերտ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության հակամարտության վերջնական կարգավորում լինել չի կարող: Տղերք, Արցախի պրակտիկ ներգրավման հարցը վաղուց է լուծված: Ձեր վարչապետն էր, կուրծք ծեծելով, խոստանում խնդրի քաղաքական լուծում՝ Արցախի վերադարձ բանակցային սեղանին: Փառք ու պատիվ կլիներ ձեզ, եթե կարողանայիք լուծել այս հարցը, բայց հայ հասարակությանը երկարականջ չորքոտանու տեղ մի դրեք: Ժողովրդին ուղիղ ասեք, որ հերթական դատարկ խոստումն էիք տալիս ու տապալել եք նաև այս հարցը»,– նշել է ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանը գրել է, որ դիվանագիտական ճակատի խորացող և ահագնացող սնանկության պարագայում կրկին հույսը հայ զինվորն ու հայոց բանակն են:

Աղբյուրը՝ armeniasputnik.am