«Ասում էին, թե իբր Գևոյի առաջին կինն եմ եղել, անգամ գրազ են եկել այդ թեմայով». Պաուզա Անո

«Ժողովուրդ» թերթի հարցերին պատասխանել է դերասանուհի Նարինե Ոսկանյանը, նույն ինքը՝ Պաուզա Անոն, որը նկարահանվում է «Ազիզյաններ» սիթքոմում:

Վերջին շրջանի նրա մասնակցությամբ հաջողված նախագծերից մեկն էլ «Սուպեր մամա-2» կինոկատակերգությունն էր: Մենք բացահայտել ենք դերասանուհու բնավորության՝ քչերին հայտնի գծեր, վերջինս խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների եւ այլ թեմաների շուրջ: Մեր զրուցակիցը տվել է անկեղծ եւ բաց պատասխաններ, ներակայացել է բոլորովին նոր, հետաքրքիր ռակուրսից:

-Տիկի՛ն Նարինե, Ձեր օրը սովորաբար սկսում եք…

-Մեկ գավաթ սուրճ ըմպելով եւ մայրիկիս համբուրելով: Դա, կարելի է ասել, օրինաչափություն է (ծիծաղում է):

-Սնահավա՞տ եք: Ձեզ համար էակա՞ն է՝ կարեւոր հանդիպումից առաջ ում կտեսնեք, կամ ինչ գույնի կատու կանցնի Ձեր ու Ձեր ընկերոջ մեջտեղով:

-Ո՛չ, բացարձակ սնահավատ չեմ, չեմ հավատում «չար աչք» հասկացությանը: Կարծում եմ՝ ամեն բան մարդու ձեռքերում է:

-Կարծիք կա, որ Դուք բավական կոնֆլիկտային անձնավորություն եք, այդ մասին անգամ լեգենդներ են պտտվում: Ի վերջո, Դուք հերքո՞ւմ, թե՞ հաստատում եք դա:

-Չկա նման բան: Ես ինձ համարում եմ ոչ կոնֆլիկտային, բարի մարդ: Իհարկե, եթե շատ զայրացնեն, ինչպես բոլորը, ես էլ կարող եմ ափերից դուրս գալ:

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենադժվար ժամանակահատվածը, ինչի՞ հետ է կապված եղել այդ փուլը:

-Դա կապված է եղել աշխատանք չունենալու հետ: Մինչեւ «Սուպեր մամա-2» ֆիլմում նկարահանվելը 4-5 տարի պարապուրդի էի մատնված: Իսկապես, դժվարին ժամանակներ էին:

-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Իմ անձի շուրջ ինչ բամբասանք ասես, որ չի պտտվել ամենատարբեր ժամանակներում: Բայց ամենազվարճալին այն էր, որ ասում էին, թե իբր հումորիստ, դերասան Գեւոյի առաջին կինն եմ եղել: Անգամ ինձ մտերիմ մարդկանցից մեկը գրազ է եկել մեկի հետ, որ նման բան չկա ու, երբ ես հատատել եմ դա, 200 դոլար գումար է գրազով շահել ( ծիծաղում է): Ախր ես ոնց կարող էի Գեւոյի կինը լինել, նախ՝ նա տարիքով բավական մեծ է ինձնից, բացի այդ՝ այդ մարդը միշտ ունեցել է մի կին՝ Գայանեն:

-Ձեզ կարելի՞ է քինախնդիր, վրեժխնդիր մարդ համարել:

-Օ~, ոչ իհարկե: Մեկի հետ որ վիճում եմ, հինգ րոպեից մոռանում եմ, կարող է նույնիսկ զանգեմ, նորմալ զրուցեմ:

-Համաձա՞յն եք, որ կյանքում ամեն լավ բան պատահաբար է տեղի ունենում:

-Այո, միանշանակ, իմ կյանքում էլ է այդպես եղել:

-Պարզեցինք, որ կոնֆլիկտային չեք, բայց, այնուամենայնիվ, Ձեզ հունից հանելը հե՞շտ է, թե՞ դժվար, եթե, ասենք, ինչ-որ մեկը շատ դա ցանկանա:

-Իմը ոչ թե համբերության բաժակ է, այլ տակառ, բայց Աստված մի արասցե, եթե այն լցվեց, աղետ կլինի, թող լցնողը թողնի ու փախչի:

-Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց…

-Մայրիկիս:

-Տանը կենդանի պահու՞մ եք:

-Այո, շուն ունենք, որն արդեն 16 տարեկան է, մեր տան հրաշքն է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: