Նախօրեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր ՀՀ դեսպանների ոչ արդյունավետ աշխատանքի մասին, հիշել էր, որ «քրեական անցյալով» դեսպաններ ենք ունեցել։ Նա, ի թիվս այլոց, տվել էր նաև Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անունը, նշել, որ նրա դեսպան աշխատած տարիներին հայ-ուկրաինական հարաբերությունները հասել են ողբերգական մակարդակի, Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն ու դիվանագիտական ծառայությունը տարիներ շարունակ ծառայեցրել է ավելի շատ Ռուսաստանի շահերն առաջ մղելով, քան Հայաստանի։ Բացի դրանից՝ Բաբաջանյանն անդրադարձ էր կատարել Մանուկյանի՝ դեսպան աշխատած տարիներին նրա բիզնեսգործունեությանը։
Մասնավորապես, նկարների վաճառքին ու Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա ունենալուն։ Բաբաջանյանի այս ելույթը և պնդումները շտապեցին հերքել նախ ԲՀԿ պատգամավոր, Մանուկյանի նախկին խորհրդական Արման Աբովյանը, ապա, այսօր արդեն Անդրանիկ Մանուկյանի պատգամավոր որդին՝ ԲՀԿ-ական Դավիթ Մանուկյանը։
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքել է, թե իր հայրը դեսպան աշխատած տարիներին Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա է ունեցել:
Հարցին՝ ստացվում է Ձեր հայրը բիզնես չունի՞, Մանուկյանը պատասխանել է. «Ոչ, մենք հնդկահավերի ֆերմա չունենք»։
Դավիթ Մանուկյանը փաստացի ստում է, քանի որ «Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ եղած փաստերը հակառակն են ապացուցում։
Մասնավորապես, այդ փաստերը գալիս են ապացուցելու, որ Դավիթ Մանուկյանը ստում է։ Նրանք ոչ միայն հնդկահավերի ֆերմա ունեն, այլ այդ ֆերման գրանցված է հենց Դավիթ Մանուկյանի անունով։
Ուկրաինայի պետռեգիստրի կայքից կարելի է տեղեկանալ, որ ընկերությունը գրանցված է «Золотоніська індича фабрика» անունով և որպես սեփականատեր նշված է Դավիթ Անդրանիկի Մանուկյանը, իսկ որպես հասցե նշված է՝ քաղաք Երևան, Աղբյուր Սերոբ 11/3 բնակարան։
Թե այսքանից հետո ինչպես է Դավիթ Մանուկյանը համարձակվում լրագրողների ներկայությամբ ստել ու պնդել չեղածը, դժվար է ասել։
Թերևս, այս հրապարակումից հետո Դավիթ Մանուկյանը պետք է պատասխանի նաև այդ հարցին։
Աղբյուրը՝ 1in.am