Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկեց Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի ու նրա երկու ընկերների՝ Գևորգ Խաչատրյանի ու Սամվել Քրմոյանի գործի դատական քննությունը:
Այս գործը երկրորդ անգամ է մեկնարկում. սկզբում գործի քննությունը նախագահում էր դատավոր Վարդան Աբրահամյանը: Նրա նախագահությամբ իրականացվող դատական քննության ընթացքում դատարանը հասցրել էր հարցաքննել գործով վկաների, բայց դատավորի հիվանդության, ժամանակավոր անաշխատունակության պատճառով գործը վերամակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին, և դատական քննությունն էլ սկսվեց վերստին:
Երեք ամբաստանյալներից նախկինում կալանքի տակ էր միայն Սերժ Վարդանյանը:
Մինչև սույն դատական քննության սկսվելը պաշտպան Վ. Դանիելյանի միջնորդությամբ դատարանը Հարություն Մանուկյանի նախագահությամբ քննել է նաև Սերժ Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու հարցը և բավարարել է պաշտպանի միջնորդությունը:
Սերժ Վարդանյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 2 միլիոն դրամի չափով, և նա ազատ է արձակվել՝ կալանքի տակ գտնվելով ավելի քան 10 ամիս:
Սերժ Վարդանյանի՝ կալանքի տակ գտնված ժամանակ է մահացել նրա ազդեցիկ պապիկը, ում հուղարկավորությանը մասնակցելու համար Սերժը վեցօրյա թույլտվություն էր ստացել, դրսևորել էր պատշաճ վարքագիծ ու սահմանված ժամանակում ներկայացել էր մեկուսարան…
Այժմ այս գործով երեք երիտասարդ ամբաստանյալներն ազատության մեջ են:
Հիշեցնենք, որ Սերժ Վարդանյանը ևս մեկ քրեական գործով է դատական քննության փուլում՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ արդեն մի քանի տարի է՝ քննվում է քրեական գործ Սերժ Վարդանյանի ու նրա մեկ այլ ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի վերաբերյալ՝ նրանց մեղադրանք է առաջադրված խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հիշյալ գործը դատարան մուտք է եղել 2014 թվականի նոյեմբերին, և դատական քննությունը դեռ չի ավարտվել:
Իսկ Նոր Նորքում քննվող ներկա գործով Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրված երկու դրվագով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանի Հր. Քոչար փողոցում Կարեն Գ.-ի վարած «Օպել Աստրա» մեքենայի սրահում Սերժ Վարդանյանը քաշել-պոկելու եղանակով հափշտակել է նույն այդ Կարեն Գ.-ի պարանոցի ոսկե շղթան՝ 148 հազար դրամ արժողությամբ:
Այս արարքի համար Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրված բացահայտ հափշտակության՝ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:
Երկրորդ դրվագով, ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի Ն. Զարյան փողոցում գործող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի թիվ 3 առանձնասենյակում Սերժ Վարդանյանն ու նրա հետ ներկա քրեական գործով ամբաստանյալի աթոռին գտնվող Գևորգ Խաչատրյանն ու Սամվել Քրմոյանը բարձրաձայն հայհոյանքներ են տվել, ինչի պատճառով ռեստորանի հաճախորդները հեռացել են: Այնուհետև Սերժ Վարդանյանն ու ընկերները վիճաբանության մեջ են մտել ռեստորանային համալիրի մատուցող Հովհաննես Գ.-ի հետ, հարվածել են նրան՝ աչքի շրջանում պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:
Այս դրվագով ինչպես Սերժ Վարդանյանին, այնպես էլ Գևորգ Խաչատրյանին ու Սամվել Քրմոյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դատական այս նիստին մեղադրող դատախազ Է. Պետրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Երեք ամբաստանյալներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, նրանք իրենց մեղավոր չճանաչեցին:
Սերժ Վարդանյանի նկատմամբ գրավի կիրառման թույլատրելիության հարցի քննության ժամանակ պաշտպան Վ. Դանիելյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, նշել է, թե գործում առկա փաստական տվյալներով չեն հիմնավորվել առաջադրված մեղադրանքները, չի հիմնավորվել մեղսագրված արարքները կատարած լինելու հիմնավոր կասկածը:
Պաշտպանը նշել է, թե այս գործի նախորդ՝ ավարտին չհասած դատաքննության ընթացքում դատարանը հարցաքննել է «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի աշխատողներին, և, միևնույնն է, ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարող են բավարար հիմք հանդիսանալ ողջամիտ ենթադրության համար, որ ամբաստանյալները կատարել են հանրորեն վտանգավոր ենթադրյալ արարքները…
Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ կհարցաքննվեն գործով տուժողները, վկաները, կհետազոտվեն գործում առկա նյութերը, ապա կհարցաքննվեն իրենց մեղավոր չճանաչող ամբաստանյալները:
Դատարան չէին ներկայացել գործով տուժողները: Նախագահողը տեղեկացրեց, որ նրանց ուղարկված ծանուցագրերը վերադարձվել են՝ «չպահանջված» ու «թերի հասցե» գրառումներով:
Պարզվել է, որ տուժողների հաշվառման հասցեները այլ են, և դատարանը որոշեց նրանց ծանուցել նաև հաշվառման հասցեներով, ինչպես նաև հարցում կատարել ՍԷԿՏ համակարգով՝ պարզելու համար՝ նրանք Հայաստանի Հանրապետությունից չե՞ն բացակայում, քանի որ պաշտպանական կողմը տուժողներից մեկի վերաբերյալ չստուգված տեղեկություն ուներ, թե վերջինս պետք է մեկներ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Նախորդ դատարանում դատաքննության ընթացքում այդ տուժողը մի քանի նիստի ներկայացել էր, բայց դատական նիստերը այլ պատճառներով հետաձգվել էին, այսպիսով, տուժողներին նախորդ դատարանը այդպես էլ չի հարցաքննել:
Եթե հաջորդ նիստին դատարանն ունենա հավաստի տեղեկություն, որ տուժողները, Հայաստանում լինելով, ստանում են ծանուցագրերն ու չեն ներկայանում, նրանց բերման ենթարկելու որոշում կկայացնի: Իսկ մինչ այդ՝ դատարանը տուժողներին ծանուցելու գործին կներգրավի նաև նրանց բնակության վայրի համայնքների ղեկավարներին ու տարածքային ոստիկանությանը, որպեսզի ապահովվի տուժողների ներկայությունը հաջորդ դատական նիստին, ու հնարավոր լինի նրանց հարցաքննել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին:
Աղբյուրը՝ 1in.am