Պետեկամուտների կոմիտեում կրճատումներ են. քանի՞ մարդ է կորցրել աշխատանքը

ՊԵԿ նախագահը ներկայացրել է իր ղեկավարած մարմնում իրականացված կրճատումների տվյալները։

Պետական եկամուտների կոմիտեի 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Դեռևս հոկտեմբերի 20-ին հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչության աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ 580-ից 128-ը կրճատվել են»,- ասաց Անանյանը։

Ըստ Անանյանի, աշխատակազմի օպտիմիզացիայի նպատակով յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում, որից առաջ 2 ամիս շարունակ գնահատվել են այդ 580 աշխատակիցների կարողությունները։

«Աշխատանքից ազատման ժամանակ, ցավոք, մենք շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի և լավագույնի միջև»,– ասաց Անանյանը` հավելելով, որ այդ որոշումներն ընդունվել են պարտադրված` կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am