«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Եվրոպայի քոլեջում (College of Europe) մագիստրոսական կրթությունը շարունակող պատմաբան Ծովինար Մարգարյանի պատմությունը։ Ծովինարն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան։ Աշխատանքային փորձը Հայաստանում եղել է բազմազան, բայց ոչ երկարաժամկետ։
«Արտերկրում սովորելու մասին առաջին մտքերը ծնվեցին համալսարանն ավարտելուց հետո, երբ բավական երկար ժամանակ չէի կարողանում որևէ աշխատանք գտնել։ Իսկ արտերկրում սովորելու փորձը և կարգավիճակը, գաղտնիք չէ, որ առանձնահատուկ ուշադրության է արժանանում մեր երկրի գործատուների շրջանում։ Այնուհետև՝ արտերկրում, և մասնավորապես՝ Եվրոպայում սովորելու ծրագրերը սկսեցի քայլ առ քայլ իրագործել արդեն ընկերներիս շնորհիվ։ Երբ ապրում ես մի միջավայրում և շփվում մարդկանց հետ՝ ամեն վայրկյան տեսնելով նրանց սովորելու ձգտումներն ու պատրաստակամությունը, միշտ ավելի լավը դառնալու, տևական աշխատասիրությամբ կատարելագործվելու փորձերը, դժվար է նման միջավայրում նպատակները չզարգացնելն ու առաջընթացի սեփական ծրագրեր չունենալը․ անկախ քեզանից՝ սկսում ես կրթվելու և զարգանալու հեռանկարներ մշակել, որպեսզի դու ևս չմնաս ստվերում և տեղում չդոփես»,- պատմեց Ծովինարը։
Նրա խոսքով՝ ուսանողական կյանքը Եվրոպայի քոլեջում շատ հագեցած է, վատնելու ժամանակ չեն ունենում. «Կյանքը եվրոպական քոլեջում կազմակերպված է՝ հաշվի առնելով ամեն մի վայրկյանը։ Ապրում ենք Եվրոպայի և եվրոպական հարևան երկրներից եկած ավելի քան 120 ուսանողների հետ։ Բացի ակադեմիական կյանքից՝ ստեղծված են բոլոր հնարավորություններն ու հարմարությունները ժամանցը կազմակերպելու, ազատ ժամանակն արդյունավետ և հաճելի տնօրինելու համար։ Կամպուսը, որտեղ ապրում ենք, գտնվում է Վարշավայի արվարձաններից մեկում՝ ընդարձակ անտառի մեջ, որտեղ մեր հարևանությամբ ապրում են ամենատարբեր անտառային կենդանիներ. սկսած սկյուռիկներից՝ մինչև եղնիկներ։ Ունենք մարզասրահ, խաղասենյակներ՝ ամենատարբեր խաղերի համար, զվարճանքի սրահներ և այն ամենը, ինչն ուսանողներին կարող է լիցքաթափել ծանրաբեռնված ուսումնական գործընթացի ընթացքում։ Բուն գիտական գործընթացից բացի, ունենք նաև արտալսարանային մի շարք հնարավորություններ, օրինակ՝ ուսանողներից բաղկացած համալսարանական երգչախումբ, որի կազմում եմ նաև ես։ Երգչախմբի շրջանակներում ելույթներ ենք ունենում համալսարանում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ, երբեմն հրավերներ ենք ունենում երգելու նաև համալսարանից դուրս՝ Վարշավայում կազմակերպվող միջոցառումներին»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում