Հունվարի 13-ին լրացավ ԱԺ երջանկահիշատակ պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդու՝ Անդրանիկ Զատիկյանի մահվան 6-րդ տարին, սակայն նրա մահվան դեպքով քրեական գործը տեղից չի շարժվում: Այս ընտանիքի անդամների հետ կատարված դեպքերը կարծես պլանավորած հանցագործությունների 20 տարվա շղթա են, որը հնարավոր է դարձել որոշակի փուլերում կամ ի սկզբանե երկարաժամկետ իշխանական հովանավորներ գտնելու միջոցով...
Հիշեցնենք, որ Սեդրակ և Անդրանիկ Զատիկյան եղբայրների սպանությունը պատվիրել էր ԱԺ մեկ այլ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, իր ընկեր Նարեկ Խաչատրյանի հետ միասին: Սպանության պատվերը կատարել էր Արսեն Առուշանյանը (2 այլ անձանց օժանդակությամբ)՝ 100.000 դոլարի դիմաց, սակայն վճարել էին միայն 30.000 դոլարը, որովհետև սպանել էր միայն Սեդրակ Զատիկյանին, իսկ Անդրանիկին ողջ թողնելով, ինչպես պատվիրատուներն էին ասել, «իրենց դուշման է սարքել»:
Եվ ահա Սեդրակի սպանությունից 7 տարի անց, Անդրանիկի և պատվիրատուներից Ստեփան Հակոբյանի առերեսվելու առաջին օրը՝ 2013թ.-ի հունվարի 13-ին, երբ պետք է տեղի ունենար սույն մեղադրյալի գործով դատական առաջին նիստը, առավոտյան, իր տան դռան առջև, իր մեքենայի մեջ, կասկածելի հանգամանքներում գտել էին Անդրանիկի դին:
Ըստ մամուլում շրջանառված նախնական տեղեկությունների՝ Անդրանիկի գուլպայի մեջ գտել էին մեկանգամյա օգտագործման ներարկիչ՝ օգտագործված վիճակում (թեև, եթե պայմանականորեն ընդունենք, որ դա կեղծ ապացույց չէ, ապա տրամաբանորեն այն պետք է դեն նետված լիներ կամ գոնե մեքենայի մի անկյունում դրված), այսինքն՝ դրված է եղել աչքի զարնող իր՝ կոնկրետ տուժողի մոտ, ինչը հանցագործները կամ նրանց սցենարիստ հովանավորները սովորաբար անում են հանցագործության իրական հետքից ի սկզբանե շեղելու նպատակով (ինչպես, օրինակ, Պերմյակովի քրգործով սցենարը գրելու դեպքում): Իսկ Անդրանիկի կողքի նստատեղին քնած էր եղել նրա համաթաղեցի Արման Գրիգորյանը: Մինչ այս կարևոր վկային անդրադառնալը արձանագրենք որոշ ուշագրավ հանգամանքներ:
Առայժմ տեղից առաջ չշարժվող այս գործով, ըստ պաշտոնական տեղեկատվության, Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Վ. Կալաչյանը 2013թ. մարտի 21-ին հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ անհայտ անձի կողմից Անդրանիկ Զատիկյանին ապօրինի կերպով մետադոն և հաշիշ տեսակի թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ:
Այսինքն՝ նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածով փորձ է արվում քննությունը տանել ապօրինի կերպով թմրանյութ ձեռք բերելու և գերդոզավորման ուղղությամբ, սակայն տուժող կողմը պնդում է, որ դեպքից մեկ ամիս առաջ Անդրանիկը մորը տարել է Գերմանիա՝ բուժհետազոտության, և առիթն օգտագործելով՝ ինքն էլ է ամբողջական բուժզննում անցել. հետազոտության արդյունքներով թմրանյութօգտագործելու վերաբերյալ որևէ տվյալ չի հայտնաբերվել: Եվ այս պարագայում տրամաբանական կլինի, որ նախաքննական մարմինը դիտարկի բռնությամբ, շահագրգիռ ինչ-որ անձանց կողմից, Արման Գրիգորյանի «օժանդակությամբ» Անդրանիկին ինչ-որ բան ներարկելու վարկածը: Եվ սա շատ ավելի հավանական է…
Ի դեպ, Անդրանիկ Զատիկյանի դեպքից որոշ ժամանակ անց Մալաթիա թաղամասում վիճաբանության մեջ ներքաշված Արման Գրիգորյանն այժմ բանտում է, ում շուրջը պտտվող «հովանավորները» ամենևին էլ պատահական մարդիկ չեն, որոնց կանդրադառնանք, եթե ինչ-որ բան այն չլինի: Եվ լավ կլինի, որ ՄԻՊ գրասենյակի, ԱՆ-ի, ՔԿՀ-ներում դիտորդ մարմնի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում պահեն ինչպես այս կարևոր վկային, որ բանտում նրա հետ որևէ բան «չպատահի»՝ ինչպես Սեդրակի սպանությունը կատարած Արսեն Առուշանյանի հետ, այնպես էլ մշտապես հովանավորված Ստեփան Հակոբյանին, ում բանտ ուղարկելուց հետո մի ձեռք էլ մարմնավաճառ են ուղարկում, կամ լուրեր են հայտնվում, որ նա երբեմն ազատության մեջ է լինում:
Իսկ ընդհանրապես, Սեդրակ Զատիկյանի սպանությանը նախորդել ու հաջորդել են նրա մերձավորների ու գործով անցնող կարևոր անձանց մահվան կասկածելի դեպքեր՝ կասկածելի հանգամանքներում և կարևոր պահերին:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից 20 օր առաջ, մի մեղսագործի կազմակերպած միջոցառումից հետո, մահացավ Սեդրակի և Անդրանիկի հայրը՝ նախկին թաղապետ, ԵԿՄ-ական հրամանատար Վահան Զատիկյանը: Մինչ օրս էլ չեն փարատվել կասկածները, որ նրան թունավորել են:
2006թ.-ի հունիսի 22-ին Երևանի «բանկի կրուգ» կոչվող հատվածում, մարդաշատ վայրում, ինքնաձիգի կրակոցներից սպանվեցին Սեդրակ Զատիկյանը և պատահական մի անցորդ՝ երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը:
2013թ.-ին՝ մահացած գտան Անդրանիկ Զատիկյանին:
2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին, սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի դատավարության ընթացքում, Կիևյան կամրջի տակ գտան գործով անցնող կարևոր, բայց գաղտնի վկա Արամ Արամյանի դին (նրա տվյալներն իբր պետք է թաքցրած լինեին, բայց այդ համակարգում Աղվանը դրել է իր հանցավոր հետքը): Նա այդ օրերին պետք է գար դատարան՝ ցուցմունք տալու:
2018թ. ապրիլի 20-ին, երբ դատաքննությունը գրեթե ավարտվել էր, և վերաքննիչ քրեական դատարանը պետք է պատրաստվեր Նարեկի վերաբերյալ վերջնական դատական ակտի հրապարակմանը, բանտում մահացավ նաև սպանության պատվերը կատարած անձը՝ ցմահ դատապարտյալ Արսեն Առուշանյանը:
Այդ անձինք կարևոր ցուցմունքներ պետք է տային նաև Անդրանիկի գործով՝ պատվիրատուների դեմ (թեև այլ դատական ակտով արդեն հաստատված հանգամանքներ կան), ինչը կարող էր հերքել նրա մահվան գործը կեղծ ուղղությամբ տանելու վարկածը և հաստատել, որ Անդրանիկի մահը բռնության հետևանք է: Սպանություն է՝ կազմակերպված Զատիկյանների մահվան մեջ շահագրգռված ու պատվիրատուների՝ այդ պահին դրսում գտնվող հովանավորների կողմից, որոնց ոխը սկսվում է հեռավոր 1999թ.-ից և շարունակվում մինչ օրս:
Հասկանալու համար՝ մի փոքր հետ գնանք և արձանագրենք Վահան Զատիկյանի որդեգրած որոշ սկզբունքներ: Երբ նա թաղապետ էր, հնարավորության սահմաններում օգնում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին գործարարությամբ կամ օգտակար գործունեությամբ զբաղվել, եկամուտ ստանալ ու դրանից միաժամանակ գումարներ հատկացնել բյուջեին՝ համայնքի խնդիրները լուծելու ու կարիքավորներին օգնելու նպատակով:
Այդպիսի բյուջե ուներ նաև տարածքային ԵԿՄ-ն. կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը՝ համայնքի գործարարները, հատկացումներ էին անում այդ բյուջե, որը ծառայում էր համայնքի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, նրանց համար տարատեսակ միջոցառումներ կազմակերպելուն:
Այդ ամենը հնարավոր էր դառնում Վահան Զատիկյանի հարգանքի, ընկերների հետ ունեցած փոխվստահության, ուժեղ կամքի շնորհիվ, ինչը գուցե շարժում էր ոմանց նախանձը կամ շահագրգռվածությունը:
Դեռևս 1998թ.ի սեպտեմբերին, երբ Վահան Զատիկյանն արդեն ԱԺ պատգամավոր էր, իսկ Ստեփան Հակոբյանի հորեղբայր Հակոբ Հակոբյանը (Լեդի)՝ ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի ղեկավար, մամուլում տեղեկություն հայտնվեց, որ խուզարկել են Հակոբ Հակոբյանի տունը:
Թե ինչու էին խուզարկել՝ հայտնի չէ, բայց Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստան գալուց հետո կարծես Վազգեն Սարգսյանի շուրջը հավաքված ազատամարտիկների չեզոքացման, հնազանդեցման փուլ սկսվեց. սկզբում՝ քրեական գործեր հարուցելու փորձերի միջոցով, և նման փորձ արվեց նաև Վահան Զատիկյանի դեմ, ինչը ձախողվեց, սակայն հետո սկսվեց կասկածելի մահերի, սպանությունների շղթան:
Վազգեն Սարգսյանին շրջապատող հավատարիմ մարդիկ մահացան, սպանվեցին հոկտեմբերի 27-ից առաջ, այդ օրը և դրանից հետո՝ 1-2 տարում: Եվ ուշագրավ է, որ ԱԺ-ում կրակոցների պահին դահլիճի կողքի կարմիր միջանցքում գտնվող երեք անձանցից՝ Գուրգեն Եղիազարյանից, Հակոբ Հակոբյանից և Արմենակ Արմենակյանից սպանվեց միայն վերջինս, որը մտերիմ էր Վազգենի հետ և կրակոցները լսելուն պես փորձել էր մտնել դահլիճ…
Վահան Զատիկյանի մահից մի քանի տարի անց նրա որդին՝ Սեդրակը, դարձավ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար՝ շարունակելով ազատամարտիկներին օգնելու հոր սկսած գործը (ինչը Զատիկյանների ընտանիքը շարունակում է մինչ օրս):
Այդ ընթացքում կամավորականների մի կառույց էլ փորձեց ստեղծել Հակոբ Հակոբյանը: Այդպիսի խոսակցություններ կային: Կարծես ստեղծեց, բայց հետո դրա մասին խոսակցությունները դադարեցին:
2006թ.-ին 26 տարեկանում սպանվեց Սեդրակը: Նրանից հետո ԵԿՄ տարածքային կառույցի նախագահի պարտականությունները ստանձնեց Անդրանիկը, նրա մահից հետո՝ հորեղբայրը՝ Վարազդատը: Սակայն 2018-ի հոկտեմբերին, կրկին խնջույքից հետո հանկարծամահ եղավ նաև նա՝ ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Զատիկյանը:
20 տարվա ընթացքում մեկ ընտանիքից՝ ԵԿՄ 4 նախագահի կասկածելի մահ. կարծում եք՝ պատահականությո՞ւն է…
Իսկ իմ կարծիքով՝ սա հանցագործությունների ուրվագիծ է. այն գուցե տանում է ԵԿՄ գործունեության կազմալուծում (քոչարյանական կամ 5-րդ շարասյան տրամաբանությամբ) կամ այդ կառույցի կառավարելիություն ու բյուջեի տնօրինում այլ նպատակներով, բայց իրականացվում է 25-26 տարեկան տղաների միջոցով՝ նրանց մեջ ատելություն սերմանելով, և «փաթեթավորվում» տղայական վրեժխնդրության շարժառիթներով: Մինչդեռ կասկածի արմատները ձգվում են հեռավոր 1999թ., երբ 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանն ու Նարեկ Խաչատրյանը 20 տարեկան տղաներ էին և հազիվ թե այնքան ատելություն կուտակած լինեին, որ մի քանի տարի անց իրենց հասակակից 2 եղբայրների սպանության պատվեր տային…
Ահա թե ինչու են մինչ օրս շարունակվում կասկածելի մահերը և հովանավորվում՝ հավանաբար «մեղքի» զգացումից…
Բայց հուսանք, որ այս տարի վերջապես կջախջախենք հովանավորչական այդ մեքենան, օբյեկտիվ քննություն կկատարվի, կպատժվեն բոլոր մեղավորները և վերջ կդրվի ընտանիքներ ու ԵԿՄ-ականներ չեզոքացնելու տասնամյակների արատավոր պրակտիկային:
Մի՛ խանգարեք մարդկանց. նրանք օգնում են պետությանը, պատասխանատու են զգում իրենց զինակից ընկերների առաջ և բարոյական աջակցություն ցուցաբերում տասնամյակներ շարունակ պետության կողմից արհամարհված անձանց…
Աղբյուրը՝ 1in.am