«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարարՎալերի–Աշխեն Գործունյանը։
– Տիկին Գործունյան, Հայաստանը 2018-ն ավարտեց խորհրդարանական ընտրություններով։ Հիմա, երբ գործադիրն ու օրենսդիրը նույն քաղաքական ուժի ձեռքում են, ի՞նչ եք կարծում՝ 2019 թվականին տնտեսական բեկում կլինի՞։
– Եթե կառավարությունը կարողանա ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ինքն իսկապես արդարադատության ուղու վրա է, որ իրապես պայքարում է կոռուպցիայի դեմ, որ մենաշնորհները վերացված են, ես համոզված եմ, որ տնտեսության վիճակը կբարելավվի։ Դրա համար պետք է մի քիչ ժամանակ տալ իշխանություններին, և պետք չէ ակնկալել, որ 2-3 ամսվա մեջ կարող են 20-30 տարվա սխալ կառավարման սխալները շտկել։ Ես դա եմ մաղթում հայ երիտասարդությանը, որ իր երկրում իրեն մարդ զգա, զգա, որ ինքն իրավունք ունի ապրելու ազատ, անկախ, արդար կառավարման պայմաններում։ Եթե դա լինի, ես համոզված եմ, որ տնտեսական հաջողությունները, տնտեսական աճը Հայաստանում երկար սպասեցնել չեն տա։ Բայց դրա համար քաղաքական կամք է պետք։
– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանի և Սփյուռքի միջև այլևս տարանջատում չկա. Սփյուռքն ինչպե՞ս կարձագանքի Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։ Բացի այդ, ի՞նչ տեղի կունենա Հայաստանի տնտեսական կյանքում, որքանո՞վ կակտիվանան ներդրումները։
– Ես ապրում եմ Փարիզում և տեսնում եմ, որ հայ համայնքը շատ հպարտ է, որ Հայաստանում այդպիսի խաղաղ, առանց արյան հեղափոխություն եղավ։ Ֆրանսիայի հայերը հպարտանում են, որ ֆրանսիական մամուլը գրում է Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության մասին։ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող անտարբեր թողնել ֆրանսահայ համայնքին։ Ես առնվազն մի քանի ընկերներ ունեմ, որոնք ասում են, որ գնում են տուն գնելու Հայաստանում, ներդրումներ անելու։ Դա արդեն դրական է Հայաստանի համար, որ մարդիկ հպարտանում են այս ամենով, անտարբեր չեն։ Մենք բոլորս հույս ունենք, որ շուտով ունենալու ենք այն երկիրը, որի մասին երազել ենք։
– Այսինքն՝ Հայաստանի հետ կապված սպասումները մե՞ծ են Սփյուռքում։
– Այո, անշուշտ մեծ են, որովհետև, օրինակ, իմ մտերիմների մեջ շատերն են ուզում գալ Հայաստան և բնակարաններ գնել։ Նախկինում նման ցանկություն չեն հայտնել։ Սա արդեն խոսում է փոփոխության առկայության մասին։
– Ձեր կարծիքով՝ հանրության սպասելիքները նոր կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը կարդարացնե՞ն։
– Տեսեք ինչ եղավ Ֆրանսիայում Մակրոնի գալով։ Երկու տարի առաջ բոլորը հույս ունեին, որ ինքը պետք է փոխի ամեն ինչ, ու ինքն էլ հիմա վճարում է վերջին 30 տարվա վատ կառավարման հետևանքների համար։ Այդ բեռն իր վրա ընկավ, բայց հույս կա։ Նույնը Հայաստանում է, և այստեղ կարևորն այն է, որ պարոն Փաշինյանը ճիշտ ուղղությամբ գնա, կոռուպցիայի դեմն առնի, արդարադատության համակարգը շտկի։ Եթե այս երկուսն անի, արդեն երկիրը դեպի լավը կգնա, իսկ հիասթափվածներ անպայման կլինեն, անհնար է, որ չլինեն։ Հույս ունեմ, որ նրանք մեծամասնություն չեն կազմի։ Բավական մեծ պատասխանատվության տակ է Նիկոլ Փաշինյանը, բայց վստահ եմ, որ կկարողանա արդարացնել հույսերը։ Չկա որևէ վարչապետ, որ 100 տոկոսով բավարարի ամբողջ հանրության հույսերը, բայց ես ցանկանում եմ, որ նրանից հիասթափվածները փոքրամասնություն լինեն։ Դա եմ մաղթում իրեն ու մեզ բոլորիս։
Աղբյուրը՝ 1in.am