Դոն Պիպոն լքել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմից միջնորդությունը և Արթուր Ասատրյանի նկատմամբ, ով քրեական աշխարհում հայտնի է Դոն Պիպո անունով, կիրառված կալանավորումը փոխարինվեց գրավով։

Ազատության մեջ հայտնվելով Արթուր Ասատրյանը սկսեց քաղաքական պրոցեսներ խմորել Էջմիածին քաղաքում, որը հիմնականում ուղղված էր իր վաղեմի հակառակորդ Մանվել Գրիգորյանի դեմ։ Արթուր Ասատրյանը նաև հայտարարեց մի շարք բարեգործական ծրագրեր սկսելու մասին, որը ամենայն հավանականությամբ նպատակ ուներ բարձրացնել իր հեղինակությունը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ Արթուր Ասատրյանը օրերս լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ նա այլևս չվերադառնա Հայաստան, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը»): Սրանք բավական ծանր հանցագործություններ են և եթե դատարանը ապացուցի նրա մեղքը, ապա նա երկար տարիներ կանցկացնի ճաղերի հետևում։

Մենք փորձեցինք կապ հաստատել Արթուր Ասատրյանի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։ Փորձեցինք կապ հաստատել նաև «Հակոբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հետ, քանի որ հենց այս գրասենյակն է պաշտպանել նրա իրավուքնները, սակայն գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված հեռախոսահամարին մեր զանգերը ևս անպատասխան մնացին։

politik.am