Ինչու է համաներումից հետո հանցագործությունների թիվն աճել, և ինչով է զբաղված սոցիալական ծառայությունը

Հայաստանում համաներում հայտարարելուց հետո հանցագործությունների թվաքանակի կտրուկ աճ է նկատվում, որին զուգահեռ, կարծես թե ոչինչ չի արվում համաներմամբ ազատ արձակված անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ։ Գործատուները, լսելով անձի դատվածության մասին, միանգամից թափուր աշխատատեղը հայտարարում են համալրված ու մերժում նշված անձանց։

Վերջերս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ արդարադատության նախարարությունը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Նախարարության կողմից առաջարկվել էր համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ:

Ազատազրկման վայրերից ազատված դատապարտյալների սոցիալական ինտեգրման խնդիրներով զբաղվով «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի խոսքերով, սակայն, սրանք միայն հայտարարություններ են, և գործնականում որևէ քայլ չի կատարվում, չկա դրա համար մշակված ծրագիր, իրավական հիմք։ Իսկ իրականում պետք էր ունենալ երկու մեծ բլոկների՝ քրեական արդարադատության և սոցիալական ծառայությունների սերտ համագործակցություն։ «Սոցիալական ծառայությունները պետք է իմանան՝ իրենց համայնք ով է վերադառնում, ինչ խնդիրներ ունի և իրենք ինչ ծառայություն կարող են առաջարկել մարդուն։ Սոցիալական ծառայությունները պետք է հստակ մշակված ծրագիր ունենան՝ ուղղված վերաինտեգրմանը։ Մի բան, որը ներկայումս չկա ու չի իրականացվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ այդ պատճառով էլ նման պատկեր է ստեղծվել, թեև այնպես չէ, որ վերջին օրերի հանցագործությունների թվաքանակի աճը ուղղակիորեն պայմանավորված է համաներմամբ։ Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ միշտ էլ դեկտեմբեր-հունվար ամիսներին բնակարանային գողությունները աճում են։ «Բայց այս դեպքում համաներումն էլ է ազդեցություն ունեցել, քանի որ համաներումը պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտ չէ։ Համաներումը հոդված է կրճատում, և մարդը հայտնվում է ազատության մեջ, և քրեակատարողական ծառայությունը չի հասցնում մարդու հետ աշխատել մինչև նրա՝ հասարակության մեջ հայտնվելը։ Անձը, դուրս գալով ազատության մեջ, դեռ պատրաստված չի լինում հասարակության մեջ ապրելուն։ Արդյունքում ստացվում է, որ միանգամայն համաներման ակտի արդյունքում 6500 մարդ է ազատ արձակվում՝ հետապնդման իրականացման դադարեցումից մինչև պատժից ազատում, այսինքն՝ հանցագործության մեջ կասկածվող ու հանցագործություն կատարած 6500 մարդ հայտնվել է դրսում և չգիտի թե ինչ անի, ոչ թե պետությունը գիտի իրենց հետ ինչ անի»,- նկատեց Գասպարյանը։

Այս կոնտեքստում, մեր զրուցակցի խոսքերով՝ քրեակատարողական ծառայությունը ևս չի փայլում դատապարտյալների հետ աշխատանք տանելով։ ՔԿ ծառայությունում այդ բլոկը կաղում է, քանի որ դեռևս դրա կարևորությունը, Գասպարյանի խոսքերով, դեռ չեն հասկանում, կամ էլ ռեսուրսներ չունեն։

Գասպարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր մենք ունենք ազատազրկման վայրերում գտնվող անձանց ու քրեակատարողական ծառայողների հավասար թվաքանակ։ Ավելին, քրեակատարողական ծառայողների թվաքանակը գերազանցում է ազատազրկման վայրերում գտնվողների թվաքանակին։ Մենք ունենք մոտ 2000 ազատազրկման վայրերում գտնվող անձ և 2000-ից ավելի քրեակատարողական ծառայող։ Յուրաքանչյուր ազատազրկվածին բաժին է ընկնում մեկ ծառայող, որը նշանակում է, որ մենք պետք է ունենայինք կատարյալ քրեակատարողական ծառայություն, մարդու հետ կատարյալ վերաինտեգրման աշխատանք։ Իսկ եթե դա չի արվում, ապա պետք է հետևություն անել ու պարզել, թե ինչու չկա այդ ծառայությունը, ինչու դատապարտյալին չենք պատրաստում հասարակությանը վերաինտեգրվելուն։ «Որպեսզի այս պատկերը փոխվի, մենք պետք է ունենանք շատ լավ քրեակատարողական ծառայություն, շատ լավ ոստիկանություն, արդարադատության մարմիններ։ Ամեն մի մարմին իր մեջ պետք է զարգանա, ապա համագործակցի մյուս կառույցների հետ, սոցիալական ծառայության հետ, որ մարդը ազատվելուց և հասարակություն վերադառնալուց հետո հանցագործություն չկատարի։ Սոցիալական ծառայության խնդիրը մենակ նպաստ տալը չէ։ Նրանք անձին հասարակություն ինտեգրելու հստակ ծրագիր պետք է ունենան։ Դա պետության գլխավոր խնդիրը պետք է լինի»,- եզրափակեց Արշակ Գասպարյանը։

Աղբյուրը՝ 1in.am