«Հեղափոխությունից հետո մարդիկ ավելի հուսառատ են և մոտիվացված». Լուսինե Սաղումյան

 

1995 թվականից դեկտեմբերի 19-ը աշխարհում նշվում է որպես սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց աջակցության օր։ Աշխարհում կան բազում բարեգործական կազմակերպություններ, որոնք զբաղվում են սոցիալական օգնություն տրամադրելով։

2004 թվականից Հայաստանում գործունեություն է իրականացնում  Հայաստանի մանուկների հիմնադրամը, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

Օրվա առիթով Bavnews.am-ը զրուցել է հիմնադրամի «Երեխայի և ընտանիքի աջակցության» ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանի հետ։

– Հարգելի տիկին Սաղումյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ այսօրվա կապակցությամբ, քանզի ձեր կազմակերպությունը տարիներ շարունակ սոցիալական օգնություն է ցուցաբերում անապահով ընտանիքներին։ 

Կազմակերպության կայքում նշված է, որ որպես թիրախային պետություն ընտրված է Հայաստանը, քանզի մեր գլխով շատ արհավիրքներ են անցել։ Ի՞նչ եք կարծում Հայաստանում սոցիալական վիճակը այսօր ինչպիսինն է, կա՞ արդյոք դրական առաջընթաց։

– Ես կարծում եմ, որ դրական տեղաշարժ իսկապես կա, ինչը մեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մեր կազմակերպությունը թիրախավորել է Հայաստանի բացառապես գյուղական համայնքները ու դա համարում ենք մեր կարևորագույն հաջողություններից մեկը, քանզի գյուղական համայնքներում վիճակը շատ ավելի ծանր է սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Մենք   աշխատում ենք այն ընտանիքների հետ, որոնք կյանքի դժվարին իրավիճակներում են գտնվում, համապարփակ մոտեցում ենք ցուցաբերում երեխաների զարգացմանը, անդրադսառնում ենք իրենց կրթական և առողջապահական խնդիրներին։ Դրանով մենք նպաստում ենք ողջ համայնքի զարգացմանը։ Մեր ուշադրության կենտրոնում է ոչ միայն երեխան, այլև ընտանիքը։

Մենք ունենք սոցիալական աշխատողներ՝ լոգոպետներ, սոցիալական մանկավարժներ, ովքեր բացհայտում են խնդիրները, բարձրաձայնում են, մենք էլ փորձում ենք լուծում տալ։

– Թիրախավորել եք միայն մարզերը, ինչու՞, արդյոք մայրաքաղաքում չկա՞ն երեխաներ, ովքեր ապրում են սոցիալապես անապահով պայմաններում և ունեն աջակցության կարիք։

– Իհարկե, Երևանում նույպես կան անապահով, խոցելի ընտանիքներ, ովքեր ունեն օգնության կարիք, սակայն Հայաստանի մանուկներ հիմնադրամի ռազմավարությունն է այն, որ մենք աշխատենք բացառապես գյուղական համայնքներում նաև այն պատճառով, որ Երևանում այլ կազմակերպություններ գործունեություն են ծավալում, իսկ գյուղական համայնքները այս առումով լքված են։

-Դուք նշեցիք, որ Հայաստանում կա սոցիալական առաջընթաց, կարո՞ղ է դա պայմանավորված լինել երկրում տեղի ունեցած քաղաքական իրողություններով։

– Ես կարծում եմ, որ դեռ վաղ է գնահատել վերջին իրադարձությունների հետ կապված փոփոխությունները, բայց նշեմ՝ բնակիչների դիրքորոշումները աճել են, մարդիկ  դարձել են հուսառատ, ունեն մոտիվացիա աշխատելու և ապրելու Հայաստանում, այս տեսանկյունից կա դրական փոփոխություն, որը կարող են նպաստել սոցիալ-տնտեսական ոլորտի աճին։ Բացի դրանից, մարդուն պետք է մոտիվացնել, ոչ թե օգնել, այլ զարգացնել այնքան, որ նա կարողանա օգնել ուրիշին։

– Ի՞նչ եք կարծում տնտեսական ո՞ր  ոլորտից է պետք սկսել բարենորոգումներ իրականացնել։

-Սա շատ բազմաչափ հարց է, քանի որ զարկ տալ միայն մեկ ոլորտի՝ անտեսելով մյուսը, չենք կարող։ Բայց որ ոլորտից էլ սկսենք, պետք է հարցին նայենք խորապես։ Օրինակ, եթե երեխան կակազում է, նրա մոտ ուղարկել լոգոպետին և ասել, որ բուժի, սխալ է, քանզի ուսումնասիրույթունները ցույց են տալիս, որ սովորաբար նման երեխաները ունենում են այլ խորքային խնդիրներ, օրինակ, ենթարկվում են բռնության, անապահով են։Մենք այս բոլոր խնդիրներին ենք լուծում տալիս։
Նույնն էլ Հայաստանում է, պետք է մոտենալ համակողմանի։

-Սոցիալական բռնություն է համարվում նաև կրթությունից զրկվելը, ստեղծագործելու պայմաններ չունենալը, ոչ առողջ մթնոլորտում մեծանալը։
Համաձա՞յն եք այս կարծիքին։

-Այո, այս ամենի պակասը համարվում է երեխաների իրավունքների խախտում, մեր ռեսուրսների չափով մենք փորձում ենք անդրադառնալ երեխաների բոլոր իրավունքներին՝ ժամանցին, խաղին։ Երեխան ունի խաղի իրավունք։ Այս բոլորը շատ կարևոր է մեզ համար։

-Ո՞րն է եղել ձեր կողմից իրականացված վերջին ծրագիրը։

-Մենք ուշադրություն ենք դարձնում երեխաների վաղ զարգացմանը, 3-6 տարեկան շրջանը, երբ երեխան կլանում է ողջ ինֆորմացին։ Մենք աջակցում ենք մանկապարտեզներին, որ արդ տարիքի երեխաները զարգանան բոլոր ասպեկտներում։

Մենք մի շարք մանկապարտեզներում ստեղծել են սենյակներ, որ կոչվում են արևոտ անկյուններ, որտեղ ապահովել ենք համապատասխան գույք, պարագաներ, որոնք որևէ կերպ կարող են օգնել երեխաներին զարգանալ։

– Ըստ կազմակերպության կայքում տեղ գտած տվյալների, ձեր նպատակներից մեկը արտագաղթի նվազեցումն է, կա՞ որևէ ցուցանիշ, որը խոսում է այն մասին, որ արտագաղթը պակասում է։

-Կդժվարանամ տալ քանակական տվյալներ, բայց մեր դիտարկումները համայնքներում իրապես ցույց են տալիս, որ երեխաները ավելի մոտիվացված են իրենց համայնքներում ներդրումներ կատարելու։ Օրինակ, մենք ունենք երեխաներ, ովքեր ներգրավվում են հենց մեր ծրագրերում և փորձում են աջակցել իրենց համայնքներին։

-Կառավարության առաջին նիստում քննարկվեց հարց, որ երեխաները գնան թանգարաններ, թատրոններ, բայց դա գտավ բացասական արձագանք, իսկ պատճառաբանությունը մեկն էր՝ չկան սննդի փող և սոցիալական ապահով պայմաններ։ Ինչո՞վ է սա պայմանվորված, գուցե մեր հանրության կրթական ցենզի կարևորությունը չգնահատելով։

– Մենք կարևորում ենք բոլոր փոփոխությունները, որոնք միտված են բավարարելու մարդկային պահանջմունքները։ Ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ քննդատում նման մոտեցումները, այո, կան շատ կարիքներ, որոնք, եթե չեն բավարարվում, մարդը մնացածները կարևորել չի կարողանում։ Բայց եթե դրվում է բազմակողմանի զարգացած քաղաքացու ձևավորման և զարգացման հարցը, նրանք անում են ամեն ինչ դրան հասնելու համար։ Սա երեխայի իրավունքի իրացում է։

-Արդյոք դուք համագործակցու՞մ եք այլ կազմակերպությունների հետ։

-Մեր քաղաքականությունը համապատասխանում է պետական քաղաքականությանը, մենք համագործակցում ենք այլ հասարակական կազմկերպությունների հետ, քանզի մեր նպատակը երկիրը զարգացնելը և առաջ տանելն է։

Կարևոր է համագործակցությունը նաև այն առումով, որ անարդյունավետ նույնականացումներ չլինեն։

-Օրվա խորհրդով, ի՞նչ կմաղթեք մեր փոքրիկներին և մնացած բարեգործական հիմնադրամներին։

-Կցանկանամ շեշտադրել, որ յուրաքնաչյուր աշխատանքը կարևոր է Հայաստանում, մենք բոլորս էլ ձգտում ենք դրական ծառայություններ մատուցել մանուկներին, քանի որ յուրաքանչյուրիս աշխատանքի արդյունքում երկիրը և յուրաքանչյուր երեխա պետք է ապրի բարեկեցիկ երկրում, մաղթում եմ բոլորին, որ իրազեկ լինեն իրենց իրավունքներից և պահանջատեր լինեն իրենց իրավունքների համար, բայց նաև մեկը մյուսի նկատմաբ լինեն ուշադիր և փորձենք դիմացինին միշտ օգնել, միմյանց աջակցությունը շատ կարևոր է։

Աղբյուրը՝ bavnews.am