«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սեւ ցուցակում:
Թերթը տեղեկացավ, որ այս ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով գնումների բողոքարկման խորհուրդ է դիմել Երեւանի քաղաքապետարանը:
Ըստ թերթի՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին, ճանաչվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից: Բայց որոշ ժամանակ անց պարզվել է, որ բժշկական կենտրոնը չի բավարարել հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջները. ֆինանսական պարտավորություններն ընկերության ակտիվներից շատ են:
Մինչդեռ բժշկական կենտրոնը պնդում է, որ վարկեր է վերցրել ժամանակակից բուժսարքավորումներ գնելու համար: Ու հիմա այս պատմությունը գնալով նոր զարգացումներ է ստանում. ԲԿ-ին մինչեւ 2020թ. թույլ չեն տալու մասնակցել պետական գնումների գործընթացին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: